Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզխորհրդի նիստում

31.10.2011

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը։ Մարզի համայնքների բյուջեների 9 ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ 2011-ի 9 ամսվա համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման ուղղությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ որոշակի աճ է ապահովվել: Մարզի համայնքների բյուջեներով նախատեսված եկամուտների հավաքագրումը կատարվել է 91.1տոկոսով: Նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների աճ են ունեցել Տաշիրի և Թումանյանի տարածաշրջանների համայնքները, իսկ ահա Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում ընդհակառակն՝ նկատվել է ցուցանիշների նվազում:
2011թվականին նախորդ տարվա համեմատությամբ՝ սեփական եկամուտների հավաքագրումը նվազել է մարզի 58 համայնքում, այդ թվում՝ Թումանյանում 16, Տաշիրում՝ 5, Գուգարքում՝ 14, Սպիտակում՝ 11, Ստեփանավանում՝ 12 համայնք: Բարձրաձայնվեցին սեփական եկամուտների հավաքագրման խիստ անբավարար վիճակ ունեցող Դաշտադեմ, Լոռի Բերդ, Ահնիձոր, Վահագնի համայնքների անունները, որն ըստ զեկուցողի՝ նշյալ համայնքների ղեկավարի, աշխատակազմի և ավագանու շատ պասսիվ ու անհետևողական աշխատանքի հետևանք է։
Զեկուցողի բնորոշմամբ անտարբեր և անբավարար աշխատանքի հետևանքով՝ 2011-ին, նախորդ տարվա համեմատությամբ, սեփական եկամուտների մուտքերն զգալիորեն պակասել են հատկապես Ֆիոլետովո, Վահագնի, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Քարկոփ, Լուսաղբյուր, Լոռի Բերդ, Հովնանաձոր համայնքներում։
Գույքահարկի առումով գանձման բարձր մակարդակ է գրանցվել (ավելի քան 70 տոկոս) մարզի 45 համայնքում, 100 տոկոսի սահմանագիծը հատել է 19 համայնք։ Գույքահարկի հավաքագրման ծավալները 2010թ. համեմատությամբ նվազել են 55 համայնքում: Ետընթացը զգալի է հատկապես Պաղաղբյուր, Արդվի, Աթան, Հովնանաձոր, Ահնիձոր, Ձյունաշող, Ազնվաձոր համայնքներում: Անդրադարձ եղավ հողի հարկի հավաքագրման իրավիճակին, ասվեց, որ վիճակը վատ է հատկապես Տաշիրի տարածաշրջանում:
Ըստ եկամտատեսակների՝ կարևորվեց պետական տուրքի գանձումը, որը կազմել է 97.3 տոկոս, փաստացի հավաքագրումն ավելացել է 3 մլն դրամով: Տեղական տուրքերի հավաքագրման տեսանկյունից հավաքագրման մեծ կատարողական են ապահովել Վանաձորը՝ 111.7, Ստեփանավանը` 110.8, Տաշիրը՝ 109.8 տոկոս, իսկ ավելի ցածր Սպիտակ և Ալավերդի համայնքները՝ համապատասխանաբար 65.6 և 82 տոկոս:
Մարզի համայնքների զարգացման ծրագրերի կատարման ընթացքի մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Ռոբերտ Սարգսյանը։
-Մարզի համայնքների զարգացման քառամյա ծրագրերի անգամ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքներում ,,մշակված,, ծրագրերը ոչ թե ծրագրեր են, այլ լավագույն դեպքում նպատակների թվարկում,- ասաց նա։ Ծրագիրը պետք է պարունակի համայնքում առկա կոնկրետ խնդիր, դրա լուծման ռազմավարությունն ու ձեռնարկվելիք քայլերը, անհրաժեշտ ներդրումների (ֆինանսական և այլ ռեսուրսների) գնահատականը, ֆինանսավորման աղբյուրները և իրականացման տևողությունն ու ժամկետները և այլն: Պետք է ներկայացված լինի համայնքի ֆինանսական միջոցների (մուտքերի) վերլուծությունը, վերջին տարիներին նկատվող միտումները և գալիք 4 տարվա կանխատեսումները։ Համայնքի զարգացման կապիտալ ծրագրերի իրականացումը պետք է արտացոլված լինի նաև բյուջեում։ Մինչդեռ մարզի համայնքների գերակշիռ մասի բյուջեներում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ոչ մի լումա չի նախատեսված։ Ռ.Սարգսյանը ներկայացրեց նաև ծրագրերն ըստ ֆինանսավորման աղբյուրների և ոլորտների՝ անդրադառնալով նաև միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող և համաֆինանսավորվող ծրագրերին։
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանը ներկայացրեց Լոռու մարզային ,,Մարաթոն-դրամահավաք-2011,, միջոցառման կազմակերպման մանրամասները։ Այս տարվա մարաթոնի միջոցները հիմնականում ուղղվելու են Լեռնային Ղարաբաղի գյուղական համայնքների խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերականգնմանը, ինչպես նաև ՀՀ գյուղական համայնքների զարգացմանը։
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ներկայացրեց 2011-ին Լոռու մարզում քաղաքաշինության ոլորտում կատարված աշխատանքները։ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների համար այս տարի մարզին հատկացվել էր 1 մլրդ 326 մլն դրամ, ինչի շրջանակներում նախատեսված աշխատանքները գրեթե ավարտված են, ընթացքի մեջ են միայն Վանաձոր և Ալավերդի քաղաքների բազմաբնակարան շենքերի վերելակների վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ: Ա. Ջանազյանը մանրակրկիտ տեղեկատվություն ներկայացրեց ջրամատակարարման, գազամատակարարման ոլորտներում տարվող զգալի աշխատանքներին:
Ա.Ջանազյանը համառոտ ներկայացրեց նաև ՀՀ պետբյուջեից Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների երկրորդ փուլը, որն արդեն մեկնարկել է և կշարունակվի նաև 2012-ին։ Ըստ այդմ, հատկացվել է 1 մլրդ 326 մլն դրամ։
Մարզի խորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց մարզպետի տեղակալ Ա. Դարբինյանը, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59