Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը կարևորում է համագործակցությունը ՀԿ-ների հետ

23.10.2011

Օրեր առաջ «Վորլդ Վիժն –Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները Լոռու մարզպետարանում առանձնազրույց էին ունեցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, որի ընթացքում համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպում կազմակերպել առավել արդյունավետ գործող հասարակական կազմակերպությունների հետ, ծանոթանալ և համակարգել վերջիններիս գործունեությունը։
Եվ ահա Վանաձորի «Գրին Հաուզ» հյուրանոցում Լոռու մարզպետարանի և «Վորլդ Վիժն» կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրվեց աշխատաժողով, որին մասնակցում էին մարզի երեխաների, կանանց հիմնախնդիրներով զբաղվող հկ-ների նախագահները և պետական կառույցների ներկայացուցիչներ։ «Վորլդ Վիժնը» հանդիպման կազմակերպմանը ցուցաբերել էր ֆինանսական աջակցություն, իսկ կազմակերպչական հարցերը կարգավորվել էին մարզպետարանի կողմից: Ըստ կազմակերպության «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի ղեկավար Անահիտ Գրիգորյանի կարևոր է նմանատիպ հանդիպումների պարբերական կազմակերպումը, քանի որ այն նպատակ ունի առավել սերտացնելու տվյալ մարզում գործող հկ-ների համագործակցությունը: Հանրապետության յուրաքանչյուր մարզում բավականին թվով հկ-ներ են աշխատում, որոնք, սակայն հասցեական չեն գործում։ Նրանք հաճախ աշխատում են մի ընտանիքի հետ, որն ընդգրկված է նաև այլ կազմակերպությունների ծրագրերում, և ստացվում է մի դեպքում՝ կրկնկի աշխատանք, մի այլ դեպքում՝ աչքաթող են արվում առավել կարիքավոր ընտանիքները: Նմանատիպ աշխատաժողովները նպատակ ունեն կանխելու այդօրինակ վրիպումները:
-Առաջարկություն կա, որ հանդիպումները կրեն եռամսյակային բնույթ, որպեսզի տարեվերջին հնարավոր լինի ամփոփել հկ-ների կողմից կատարված աշխատանքները, մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում ստեղծվի տեղեկատվական բազա նրանց կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ,- ասում է Ա.Գրիգորյանը։ Նա հավաստում է, որ ի տարբերություն մյուս մարզերի, Լոռու մարզում հասարակական կազմակերպությունների դաշտն առավել կայացած է, վերջիններս գործում են արդյունավետ և բավականին թվով ծրագրեր են իրականացնում։ Ըստ Ա.Գրիգորյանի, աշխատաժողովը նաև հնարավորություն է տալիս պարզելու, թե տարբերություններ կա՞ն այս առումով Լոռու և այլ մարզերի միջև և որոնք են պատճառները, որ մի մարզում հկ-ները գործում են արդյունավետ, մյուսում՝ պասիվ են։
-Նմանատիպ հանդիպումների արդյունքում ակնկալում ենք ակտիվ համագործակցություն, մարզպետարան-հկ կապի ամրապնդում։ Սա հնարավորություն կտա նաև ընտանեկան խնդիրներով զբաղվող կազմակերպություններին առնչվելու միմյանց հետ և խուսափելու կրկնություններից։ Այլապես մեկ ընտանիքի հետ երկու կառույցների աշխատանքը կարող է ոչ թե օգնել, այլ վնասել,- վստահ է ծրագրի ղեկավարը։ ,,Հայաստանում երեխաների դեմ բռնության նվազեցում,, ծրագիրը եռամյա է և իրականացվում է Եվրոպական խորհրդի ֆինանսական աջակցությամբ Լոռու, Սյունիքի մարզերում և Երևանում:
Աշխատաժողովի ընթացքում կազմակերպությունները հակիրճ ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագրերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00