Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ասպետն իր ասպետության համար արժանացավ Լոռու մարզպետ ,,Ոսկե հուշամեդալին,,

21.10.2011

Լիբանանահայ, Փարիզի համալսարանի ուսանող, 20-ամյա Ասպետ Հարմանդանյանը այս տարվա փետրվարին, ՙՅութուբում՚ դիտելով տեսանյութ՝ Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Արթուր Դանիելյանի 9 անձից բաղկացած բազմանդամ, անօթևան ընտանիքի մասին, դրամահավաք է կազմակերպել և բնակարան գնել նրանց համար։ Այսօրինակ ասպետությունը չէր կարող ուշադրության չարժանանալ մարզային իշխանությունների կողմից։ Ասպետ Հարմանդանյանին արժանին մատուցելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որոշմամբ շնորհվել է ՙՈսկե հուշամեդալ՚։ Պարգևը հանձնվեց հոկտեմբերի 20-ին՝ Լոռու մարզպետարանում։ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով երիտասարդ բարեգործին մեծահոգության համար՝ հույս հայտնեց, որ նրա արարքը վարակիչ կլինի շատերի համար և քիչ թե շատ կարողություններ ունեցող մարդիկ կփորձեն օգնության ձեռք մեկնել իրենց հայրենակիցներին։ -Ասպետն այս բարեգործությունը կատարել է առանց դրամական միջոցներ կամ կարողություններ ունենալու. նա պարզապես կարևոր է համարել օգնել կարիքի մեջ գտնվող ընտանիքին և միջոցները գտնվել են,- ասաց մարզպետը։
Ասպետ Հարմանդանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար՝ նշելով, որ նախաձեռնությունն ստանձնել է առանց որևէ ակնկալիքի ու սպասումի, թե իրեն շնորհակալության կամ պարգևի կարժանացնեն։ -Արել եմ իմ հոգու հանգստության ու կարիքի մեջ գտնվող հայ մարդուն օգնելու համար,- ասաց նա։ Արթուր Դանիելյանի ընտանիքի համար նաև այլ անակնկալ էր նախապատրաստվել. ,,Լոռու դպրոց,, հիմնադրամի կողմից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը մարզպետն է, հանձնվեց դրամական պարգև, իսկ հիմնադրամի գործադիր տնօրեն, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանի տեղեկացմամբ՝ նաև գրենական պիտույքներ ընտանիքի դպրոցահասակ երեխաների համար։
Ասպետ Հարմանդանյանի հայրն արմատներով Մարաշից է, մայրը՝ մուսալեռցի։ Նրանք, ինչպես և ինքը, երկու եղբայրներն ու քույրը ծնվել ու մեծացել են Լիբանանում, հաճախել հայկական դպրոց։ Շուրջ 4 տարի է, ինչ բնակվում են Փարիզում։ Առաջին անգամ Հայաստանում եղել է նախորդ տարի, հայրենիքից հեռացել է մեծ տպավորություններով և համոզմունքով, որ հաճախակի է այցելելու։ Թերևս հայրենի երկրի նկատմամբ սիրո ու պարտքի զգացումի մեծ հորդումն էր, որ ստիպեց երիտասարդին առանց հապաղելու արձագանքել խնդրին։ Ասպետի ծնողների, ազգականների ու ընկերների աջակցությամբ հավաքագրված 6300 ԱՄՆ դոլարից 4800-ը տրամադրվել է բնակարան գնելու համար, մյուս մասը հանձնվել է ընտանիքին՝ ընթացիկ խնդիրները հոգալու նպատակով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29