Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամներն ուշադրության կենտրոնում են

19.10.2011

Հոկտեմբերի 19-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի հաշմանդամների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նա նախ շնորհավորեց հորեղբորորդիներ Սենիկ և Գևորգ Սերոբյաններին, ովքեր Երևանում հոկտեմբերի 3-8-ն անցկացված խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ։ Մարզպետը տղաներին հանձնեց դրամական պարգևներ։
Հանձնաժողովի օրակարգային հարցերին համահունչ՝ Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը ներկայացրեց աշխատանք փնտրող չզբաղված, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերի հարմարեցման պետական ծրագիրը, որն արտոնություններ է շնորհում հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու դեպքում։ Օրինակ, աջակցություն է ցուցաբերվում մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկին կամ աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամին՝ ձեռք բերելու իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ, պետության կողմից որոշակի փոխհատուցում է նախատեսվում գործատուների համար՝ հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու դեպքում և այլն: Ա.Առաքելյանն այս առումով առաջարկեց հանձնաժողովի նիստերին հրավիրել նաև գործատուների, որպեսզի նրանք անմիջականորեն հաղորդակից դառնան հաշմանդամների խնդիրներին։
Արթուր Նալբանդյանը, ողջունելով նրա առաջարկությունը, նշեց, որ գործատուներին պարբերաբար հրավիրելու մտադրություն արդեն իսկ կա:
Տեղեկացվեց, որ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների նախաձեռնությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի ցուցասրահում բացվել էր մարզի սահմանափակ կարողություններով անձանց ձեռքի աշխատանքների ցուցադրություն-վաճառք, որոնք հիմնականում գնվել էին ,,Լոռու մշակույթ, երիտասարդություն և սպորտ,, հիմնադրամի կողմից: Նմանատիպ ցուցադրություն է կազմակերպվելու նաև Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 3-ին։ Լոռու մարզն յուրաքանչյուր տարի այն նշում է մարզի տարբեր տարածաշրջաններում։ Այս տարի ընտրվել է Ալավերդի քաղաքը։
,,Արան,, ,,Լիարժեք կյանք,, հկ-ները ներկայացրին իրենց կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքները՝ հանդես գալով մի շարք առաջարկություններով, որոնց Ա.Նալբանդյանը խոստացավ հետամուտ լինել։
-Նախատեսում ենք ավելի ակտիվ համագործակցություն բոլոր հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մարզում գործում են ակտիվ և արդյունավետ, քանի որ խիստ կարևորում ենք նրանց գործունեությունը,- ասաց մարզպետը՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում ունենալ գործունեություն ծավալող հկ-ների հետ։
,,Լիարժեք կյանք,, հկ-ի նախագահ Սուրեն Մաղաքյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ա.Նալբանդյանին՝ հաշմանդամների խնդիրներին մշտապես հետամուտ լինելու և հնարավորինս աջակցելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59