Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Բերքի տոն-2011,,

09.10.2011

Լոռու մարզային ,,Բերքի տոն-2011,, ամենամյա տոնակատարությունը Գյուլագարակ համայնքի ,,ՙՀեքիաթ՚,, հանգստի գոտում հոկտեմբերի 8-ին կրկին համախմբել էր մարզի գրեթե բոլոր համայնքներին:
Բերքառատ սեղանների շուրջ գյուղական ու քաղաքային համայնքների տնտեսվարողները, ձեռնարկություններն ու ընկերությունները ցուցադրեցին իրենց աշխատանքի արդյունքը, հասարակական կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները ևս կազմակերպել էին ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ, Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։
Իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը. -Ձեր աշխատանքն արդար է, քրտինքը հողի հետ շաղախված բերք ու բարիք եք առնում այդ հողից և այդ պտուղները վայելում ենք ամենքս,- ասաց Սեպուհ սրբազանը։
Տոնի առթիվ շնորհավորանքի խոսք հղեցին նաև Վ.Կարապետյանը և Ա.Նալբանդյանը։
-Բազմաթիվ փորձություններ է հաղթահարում գյուղացին, մինչև որ վայելում է իր աշխատանքի պտուղները։ Տարին հիմնականում արգասաբեր էր նախորդի համեմատ և կառավարության ծրագրերը՝ ուղղված գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կարծես թե տալիս են իրենց արդյունքը,- ասաց Լոռու մարզպետը։
Հյուրերը, շրջելով սեղան առ սեղան, ծանոթանում էին ներկայացվող բերքին, համտեսում։ Համայնքներից յուրաքանչյուրը փորձում էր հպարտանալ գյուղի բերք ու բարիքով, ջանում առանձնանալ յուրահատուկ ձևավորմամբ: Օրինակ՝ Վարդաբլուր համայնքը ցուցադրել էր Ատլանտ տեսակի 50 կիլոգրամանոց դդումը:
Յուրահատուկ ձևավորմամբ էին առանձնանում շատ ուրիշ համայնքների սեղանները: Ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքները ներկայացրեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը։
- Անցած տարիների գլխավոր արդյունքներից մեկը ագրարային բարեփոխումներն են՝ հողերի խոշորացում, բերքատվության և մթերատվության բարձրացում, գյուղատնտեսական արտադրության և վերամշակման մասնագիտացում և այլն,- ասաց նա՝ նշելով, որ ընթացիկ գյուղատնտեսական տարին հիմնականում նպաստավոր էր մշակաբույսերի աճի և բերքատվության առումով։ Աջակցությունը կառավարության կողմից շարունակվում է և համոզված ենք, որ մարզի հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքներում կգերակշռեն բարձր բերքատվությամբ ցորենի տեսակները: Նշվեց նաև, որ լուրջ առաջընթաց է նկատվում այգեգործության բնագավառում։ Յուրաքանչյուր տարի 10-15 հա-ով ավելանում են նորատունկ այգիները։ Վերականգնվում են այգեգործության նախկին ավանդույթները: Հաջողություններ կան նաև անասնապահության ոլորտում։ Ձևավորվել են ֆերմերային տնտեսություններ, կաթի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված արտադրամասեր։
Ավանդույթի համաձայն տոնակատարության ընթացքում շնորհակալագրերով ու նվերներով պարգևատրվեցին մարզի մի շարք համայնքներ և տնտեսվարողներ։ 2011-ին տնտեսական տարվա ընթացքում համայնքի գործունեությանը վերաբերող բոլոր ցուցանիշների առավելագույն մակարդակ ապահոված համայնքներ ճանաչվեցին Շահումյանը (համայնքի ղեկավար՝ Էդիկ Մանուկյան), Շնողը (Հայկազ Քոչինյան), Կուրթանը (Մհեր Գևորգյան), Գեղասարը (Ստասիկ Հովհաննիսյան), Տաշիրը (Նշան Սողոյան)։ Հացահատիկային մշակաբույսերից առավել բարձր բերքատվություն ապահովելու համար լավագույն համայնք ճանաչվեց Վարդաբլուրը (Միքայել Ֆրանգյան), կարտոֆիլի բերքի առավել բարձր ցուցանիշով՝ Կողեսը (Արայիկ Ներսիսյան), բանջարաբոստանային կուլտուրաների բերքի առավել բարձր ցուցանիշ՝ Լերմոնտովոն (Էդիկ Չախալյան)։ Արևածաղկի ցանքը մարզում արմատավորելու և մշտապես կայուն բերք ապահովելու համար լավագույն համայնք ճանաչվեց Այրումը (Պապիկ Առուշանյան), ծխախոտագործության ավանդույթները շարունակելու և ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման ու նորագույն տեխնոլոգիաներ կիրառելու համար լավագույն հողագործ է ճանաչվել Արսեն Տիտանյանը (Օձուն), ընտանի կենդանիների հիվանդությունների կանխարգելման և անասնաբուժասանիտարական միջոցառումների լիարժեք իրականացման համար լավագույն անասնաբույժ է ճանաչվել Էդվարդ Առաքելյանը (ք.Սպիտակ), կաթի արտադրության և իրացման առավել բարձր ցուցանիշ ապահովելու համար լավագույն ֆերմեր՝ Արմեն Ավետիսյանը (Մեդովկա), մսի արտադրության բնագավառում՝ Ջրաշեն համայնքը (Վահան Ուռուսյան)։ Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ,, ՙԹափոնների կառավարում,, ծրագիրը Լոռու մարզում իրականացնելու համար պարգևատրվեց ծրագրի հայաստանյան համակարգող Արմեն Խարազյանը։ Մարզում իրականացված կանաչապատման (ծառատնկման) աշխատանքներում մեծ ներդրում ունենալու համար լավագույն կազմակերպություն ճանաչվեց ՙ,,Էյ-ԹԻ-Փի,, բարեգործական հիմնադրամը (տնօրեն՝ Արեգ Մաղաքյան)։ Կաթի մթերման, վերամշակման, արտադրանքի որակի բարձրացման և իրացման ծավալները մեծացնելու բնագավառում ձեռք բերված հաջողությունների համար լավագույն կազմակերպություն ճանաչվեց ,,Դուստր Մելանյա,, ՍՊԸ-ն (ք.Տաշիր)։
Մեղվաբուծության բնագավառում մեղվաընտանիքները զարգացնելու և բերքի բարձր ցուցանիշներ ապահովելու համար լավագույն մեղվաբույծ ճանաչվեց Ռազմիկ Զաքարյանը (Սարալանջ), գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքի, մշակության աշխատանքները ագրոտեխնիկական կանոններով կատարելու, բերքահավաքը ժամանակին և անկորուստ կազմակերպելու, գյուղատնտեսական տեխնիկան և գործիքները պահպանելու համար լավագույն մեխանիզատոր ճանաչվեց Պավել Գուսևը (Տաշիր)։
,,Բերքի տոն-2011,, տոնակատարությանը ակտիվորեն մասնակցելու, գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները գեղեցիկ ձևավորելու և ցուցադրելու համար հանդիսության ավարտին լավագույն համայնքներ ճանաչվեցին Դսեղը, Մարգահովիտը, Գարգառը, Ֆիոլետովոն, Դարպասը, որոնք հոկտեմբերի 14-16-ը Երևանում անցկացվող ՙ ,,Հայ ագրոֆորում,, համաժողովի շրջանակներում կմասնակցեն Հյուսիսային պողոտայում կազմակերպվող ՙ ,,Բերքի տոնին,, և իրավունք կստանան ձևավորելու Լոռու մարզին հատկացված սեղանը։ Տոնակատարության ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկան մարզի տարբեր քաղաքային և գյուղական համայնքների երգիչներն ու պարային խմբերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23