Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հյուրընկալեց մանկավարժներին

05.10.2011

Այսօր, ուսուցչի տոնի առիթով Լոռու մարզպետարանի դահլիճում մարզպետ Արթուր Նալբանդյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակազմը հաճելի անակընկալ էին պատրաստել մարզի մի խումբ ուսուցիչների համար: Մարզի բոլոր տարածաշրջաններից ընտրված 10 լավագույն մանկավարժներ հրավիրվել էին արժանանալու Լոռու մարզպետի պարգևներին:
Ջերմորեն շնորհավորելով նվիրական տոնի առիթով, մարզպետ Ա. Նալբանդյանն ասաց.
-Սիրելի՛ ուսուցիչներ, բոլոր ժամանակներում, անկախ հասարակական-քաղաքական իրավիճակներից, հայ ժողովուրդը միշտ էլ հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել ուսուցչին, նրան վստահել ամենաթանկը՝ սերնդի կրթության ու դաստիարակության դժվարին գործը:Անչափ դժվարին խնդիր էր ծառացած մեր առջև՝ մարզի չորսհազարից ավելի մանկավարժներից ընտրել այն 10 լավագույններին, ում այսօր հանձնելու եմ Լոռու մարզպետի շնորհակալագիրը: Դժվար էր, քանզի մենք շատ ու շատ երախտավորներ ունենք, որոնք արժանի են բարձր գնահատանքի: Կարծում եմ, դեռ շատ առիթներ կունենանք համապատասխան վերաբերմունքի արժանեցնել նաև մեր մյուս արժանավորներին: Ես լիահույս եմ, որ ձեր նվիրված աշխատանքով մեր այսօրվա և վաղվա սերունդը կլինի ավելի պատասխանատու և մտահոգ մարզի ճակատագրի ու ապագայի հանդեպ: Կրկին շնորհավորում եմ ձեզ, մարզի բոլոր մանկավարժներին այս նվիրական տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, երջանկություն և բարօրություն անձնական կյանքում:
Ուսուցիչներին շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասաց նաև մարզպետարանի ԿՄՍ վարչության կրթության բաժնի պետ Մայիս Խաչատրյանը:
Ապա Ա. Նալբանդյանը Լոռու մարզպետի շնորհակալագրեր, դրամական պարգևներ ու գեղեցիկ ծաղկեփնջեր հանձնեց Սպիտակի թիվ 2 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Մուրադյանին, Ստեփանավանի վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհի Լուիզա Մեսրոպյանին, Տաշիրի թիվ 2 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Մարդոյանին, Ալավերդու թիվ 9 դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Կլավա Ծովյանին, Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Լիլիթ Աղուզումցյանին, Գուգարքի թիվ 1 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրանուշ Մասարաջյանին, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուսյա Կիրակոսյանին, Վանաձորի թիվ 24 դպրոցի դասվար Անահիտ Բադալյանին և Վանաձորի թիվ 25 դպրոցի դասվար Հերիքնազ Սահակյանին և բոլոր ներկաներին հրավիրեց մտերմիկ հյուրասիրության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00