Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թումանյանական օր Դսեղում

03.10.2011

Հոկտեմբերի 2-ին նորից մարդաշատ ու տոնական էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրը: Մարզից, մայրաքաղաքից ու արտերկրի կրկին մեծ թվով այցելուներ էին եկել շուքով նշելու վաղուց ավանդական դարձած ամենամյա Թումանյանական օրը: Հանդիսությունն սկսվեց այն հուշարձանի մոտ, որտեղ ամփոփված է ամենայն հայոց բանաստեղծի սիրտը: Հյուրերը այստեղ նախ ծաղիկներ դրեցին, ապա խոսվեց օրվա խորհրդից: Նախաձեռնությունն արդեն ավելի քան 25 տարեկան է:
Միջոցառումը նախաձեռնող ,,Լոռվա ձոր,, հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն ասաց.-ՙՍա յուրօրինակ ուխտագնացություն է, ոչ մի առիթի հետ չի կապվում, այլ սա ինքնին առիթ է `հաղորդակցվելու մեծն Թումանյանի ստեղծագործությունների, նրա ծննդավայրի, Լոռվա ձորի հետ, լինել այն տանը, ուր նա ծնվել, մեծացել է: Նրա հետ հաղորդակցվելու կարիքը մենք ամեն օր ունենք՚:
-Սա մի ճամփորդություն է, որ մեզ տանում է հոգևոր ակունքներ,-օրհնության և ողջույնի խոսքում նշեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը,- այսօր կրկին եկել ենք լուսավորվելու Թումանյանով, նրանից ուժ ստանալու, որով արժևորվի մեր ուխտագնացությունը:
-Ամենայն հայոց բանաստեղծը մեր, բոլորիս սրտերում է, բոլորս ենք դաստիարակություն ստացել Թումանյանական ոգով, և ես հպարտ եմ, որ այսօր այսքան երիտասարդներ, դպրոցականներ կան, ցանկանում եմ, որ ամեն տարի այս հրապարակն էլ ավելի մարդաշատ լինի,- ասաց Լոռու մարզպետ մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Թումանյանը հայոց այն մեծերից է, ովքեր մեր ժողովրդին շնորհեցին հավերժության ճանապարհ և անցագիր: Նա կարողացավ ժամանակի պտտվող կարուսելի մեջ հասատել իր վիթխարի ներկայությունը և տասնամյակ առ տասնամյակ նա իր գործով համամարդկային արժեքի համբավ ու հեղինակություն է ձեռք բերում: Թումանյանական ավետարանն այնքան խորն է, որ մենք պետք է կարողանանք նրա հումանիզմի, բարության, ճշմարտության, համերաշխության քարոզը կարողանանք առավելագույնս տարածել մեր և դրսի ժողովուրդների համար,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը,-:
Իրենց սրտի խոսքն ասացին Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը, վրացահայերի պատվիրակության ղեկավար, գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը, գրող Սուսաննա Խաչատրյանը՝վիրահայոց պատվիրակությունից, բանաստեղծներ Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, ով նաև ընթերցեց Թումայանին նվիրված իր բանաստեղծություններից:
Ֆրանսիայից Դսեղ էր ժամանել ,,Արշակ Չոպանյան,, հիմնարկի հիմնադիր ատենապետ Վարուժան Սիրապյանը: Նա ներկայացրեց ֆրանսիական SIGEST հրատարակչությունում տպագրված ՙ,,Իմ ընկեր Թումանյանը,, գիրքը, ուր զետեղված է մեծ գրողի 24 ստեղծագործություն:
Բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը, ով Թումանյանական օրվա մշտական մասնակիցն է և ամեն տարի մի մասունք է նվիրում գրողի տուն-թանգարանին, այս անգամ փայտի վրա Թումանյանի քառյակները նվիրեց, նաև նրա ավագ դստեր` Սեդայի գոգնոցը, որը ամենայն Հայոց բանաստեղծն անձամբ էր գնել` մեկական՝ բոլոր աղջիկների համար: Ի.Սաֆրազբեկյանը խոսեց նաև Թումանյանի մոր` Սոնայի աճյունը տեղափոխելու մասին։ -Մենք մշտապես մոռանում ենք հիշատակել ու խոսել այն կնոջ մասին, ով ամենադժվար պահերին մշտապես իր որդու կողքին է եղել,- ասաց նա:
Տոնախմբությունը հագեցված էր թումանյանական թեմաներով երգ ու ասմունքով, փոքրիկ բեմականացումներով:
Վերջում ներկաները մասնակցեցին Թումանյանական օրվան նվիրված մատաղի արարողությանը:
Թումանյանական օրվա կազմակերպմանն իրենց աջակցությունն էին ցուցաբերել Լոռու մարզպետարանն ու Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55