Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ մարզպետարանների կայքերն արդիականացվեցին

28.09.2011

Երեկ Հրազդանում` Կոտայքի մարզպետարանում, տեղի ունեցավ ՀՀ 10 մարզպետարանների արդիականացված կայքերի շնորհանդեսը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ստեղծվել են բավականին մեծ հնարավորություններով տեղեկատվական ռեսուրսներ: "Օգտագործելով ժամանակակից տեխնիկական լուծումները` հնարավոր է դարձել տվյալ մարզի եւ համայնքների մասին բավականին մեծ ծավալի տեղեկատվություն հասանելի դարձնել հանրությանը: Մենք հուսով ենք, որ կայքերը գործուն կլինեն, կապահովեն հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ ոչ միայն մարզպետների, այլեւ համայնքների ղեկավարների եւ ավագանու որոշումներին` այդպիսով նպաստելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությանը",-ասաց նա:
"Հայաստանը ձգտում է բարելավել իր էլեկտրոնային կառավարման համակարգերը: Պատիվ ունեինք այդ կարեւոր հարցում օժանդակելու մարզպետարանների համար տեղեկատվության ազատության միջազգային չափանիշներին եւ, մասնավորապես, ՀՀ "Տեղեկատվության ազատության մասին" օրենքին համապատասխան կայքերի մշակմանը",- նշեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրենի պաշտոնակատար Սթիվեն Բրագերը:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խոսքով` արդիականացված կայքերը, բնականաբար, կնպաստեն մարզպետարանի գործունեության հրապարակայնությանը եւ հանրային իրազեկման աշխատանքների առավել թափանցիկ կազմակերպմանը: "Կայքերը լավագույնս կնպաստեն պետական կառավարման համակարգի եւ հանրության առավել արդյունավետ շփումների ապահովմանը",-ասաց նա:
"Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը կարեւորեց այն փաստը, որ "արդիականացված ռեսուրսները լայն հնարավորություն են ընձեռում մարզպետարաններին կատարել իրենց պարտավորությունը, որն է՝ սեփական նախաձեռնությամբ հանրության համար մատչելի դարձնել իրենց տնօրինման տակ գտնվող տեղեկությունները"։
Կայքերում առկա են պարտադիր հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները, որոնք հանրային կարեւորություն ունեն։ Օգտագործողները կարող են ծանոթանալ տեղեկատվության ազատության օրենսդրությանը, ինչպես նաեւ առցանց հետեւել իրենց հարցումների, նամակ-դիմումների ընթացքին:
Նոր կայքերը պատրաստվել են ՏԿՆ նախաձեռնությամբ` "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի կողմից իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց" ծրագրի շրջանակում` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Կայքը մշակել եւ պատրաստել է "Հելիքս կոնսալտինգ" ընկերությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59