Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեկամությունը արմատներ կձգի…

18.09.2011

Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզ էին այցելել «Երուսաղեմի բժշկական Սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ դ’Ազյուր ռեգիոնալ խորհրդի պատվիրակության անդամները՝ Երուսաղեմի Սուրբ Ղազարի օրդենի ներկայացուցիչ, Ֆրանսիայի Ավագ առաջնորդ, Մեծն տիկին դքսուհի դե Բրիսակի գլխավորությամբ: Նրանք Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի և մարզպետարանի աշխատակիցների հետ: Դեռ 2009-ի նոյեմբերին հիմնադրամը կոմիտե էր հիմնել Սպիտակ քաղաքում, որը ղեկավարում է քաղաքապետ Գ.Սահակյանը: Հիմնադրամն առողջապահական ուղղվածության տարողունակ ծրագրեր է իրականացնում Հայաստանում, այդ թվում նաև՝ Լոռու մարզում: Հանդիպման նպատակը փոխհամագործակցության կապերի ամրապնդումն էր: Արթուր Նալբանդյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց նրանց այցը Լոռու մարզ, նշելով, որ ի պաշտոնե գնահատում է հիմնադրամի առաքելությունը: Նա նշեց, որ համագործակցության հնարավորություններ է ակնկալում ոչ միայն առողջապահության, այլև տուրիզմի և գյուղատնտեսության բնագավառներում: Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա մարզպետը մտահոգություն հայտնեց, որ ֆրանսերեն լեզվի ուսուցումը ետխորհրդային տարիներին զգալի անկում է ապրել՝ տեղը զիջելով անգլերենին: Այսուհետ փորձելու ենք անել հնարավորինը, այս բացը լրացնելու համար,- ասաց նա: Արթուր Նալբանդյանն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ հյուրերին տեղեկացնելով, որ Ալավերդի և Ախթալա համայնքներում 19-րդ դարի սկզբին ֆրանսիացիներն զբաղվել են հանքարդյունաբերությամբ: Այդ կառույցները դեռևս պահպանվում են, նոր սեփականատերերը դրանց վերաբերվում են իբրև պատմամշակութային արժեքների և պատրաստ են անգամ վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Մարզպետը խոստացավ հյուրերի համար փոքրիկ էքսկուրս կազմակերպել այդ տարածքներում. հրավերը սիրով ընդունեցին հյուրերը: Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ 1909-ին Ալավերդում կառուցվել է փոքրիկ հէկ, ինչի միջոցով քաղաքն առաջին անգամ էլեկտրաէներգիա է ստացել: Այդ հէկ-ի շինությունը նույնպես պահպանվում է: Մարզպետը հույս հայտնեց, որ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը կշարունակվի՝ առավել խոր արմատներ ձգելով: Դքսուհին պատվիրակության անունից երախտագիտություն հայտնեց ջերմ հյուրընկալության համար, շնորհավորեց Անկախության 20-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով հայ ժողովրդի դարավոր անձնվեր պայքարը հանուն սեփական երկրի ազատության և ինքնորոշման իրավունքի: Նա տեղեկացրեց, որ Օրդենը, որը հարյուրամյակների պատմություն ունի, բարեգործական ծրագրեր է իրականացնում 50-ից ավելի երկրներում: Հայաստանում Օրդենի ձեռքբերումները, ըստ նրա, պայմանավորված են նաև տեղական իշխանությունների աջակցությամբ: Դքսուհի դե Բրիսակը ողջունեց Լոռու մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ կոտ դ’Ազյուր մարզի համագործակցությունը, սերտ բարեկամական հարաբերությունները: Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ փոխանակեցին: Մարզպետին շնորհվեց Օրդենի կրծքանշան և գրքույկ, իսկ Արթուր Նալբանդյանը դքսուհուն նվիրեց հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի գեղանկարչական աշխատանքների վերատպությունների ալբոմը:
Ապա հյուրերը մեկնեցին Սպիտակ քաղաք, ուր մասնակցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը:
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը վստահեցրեց, որ կազմակերպության հետ համագործակցության եզրերը բավականին շատ են և նախատեսվում են մի շարք այլ ծրագրեր:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07