Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր
25.07.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Թումանյանի քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ "Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն" ՊՈԱԿ-ի տնօրեն Հենրիկ Քոչինյանի, շինարարական կապալառու կազմակերպության ղեկավարի եւ այլ պատասխանատուների հետ քննարկեց Մոտկորի ձորի ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքը, որի նպատակով պետբյուջեից հատկացվել է 180,5 մլն դրամ: Ճանապարհը մարզի 6 համայնքները կապում է հիմնական մայրուղուն:
Փոխվարչապետին ներկայացվեց իրականացվող շինարարության ծավալը, զեկուցվեց, որ աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով: Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվում է խճապատ ճանապարհ, որն արդյունավետ է շահագործման տեսանկյունից` հաշվի առնելով տարածաշրջանի բնակլիմայական պայմանները:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Թումանյանի դպրոց, որի մարզադահլիճը վերանորոգվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Տեղեկացվեց, որ աշխատանքների հիմնական մասն արված է, եւ վերանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից` օգոստոսի 30-ից շուտ:
Քարկոփ համայնքում ծանոթացավ նույն ծրագրով խմելու ջրագծի կառուցման 29 մլն 980 հազար դրամ արժողությամբ աշխատանքների ընթացքին: Համայնքի բնակիչները Ա. Գեւորգյանի հետ հանդիպմանը բարձրացրին նաեւ համայնքային ընթացիկ հարցեր, մասնավորապես` նշվեց համայնքի գազիֆիկացման անհրաժեշտության մասին:
Այնուհետեւ փոխվարչապետը "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ Օձուն, Ճոճկան համայնքներում ծանոթացավ "Հազարամյակի մարտահրավեր-հիմնադրամ Հայաստան" ծրագրով վերանորոգվող ոռոգման ներտնտեսային ցանցերի շինարարական աշխատանքների ընթացքին: Դրանք կավարտվեն նախատեսված ժամկետներում` մինչեւ օգոստոսի 31-ը:
Տեղեկացվեց, որ Օձուն-Այգեհատ ջրագծերի վերականգնման արդյունքում Օձուն համայնքում էականորեն նվազել են ջրի կորուստները, ընթացիկ տարում արդեն լրացուցիչ մշակվել է 90 հա հողատարածք: Ճոճկանում մինչեւ ծրագրի մեկնարկը մշակվում էր 250 հա հողատարածք, ներկայումս ոռոգելի հողատարածքները կազմում են 450 հա, իսկ ծրագրի ավարտին եւս 300 հա կդառնա ոռոգելի: Վերակառուցված ոռոգման ցանցը հնարավորություն կստեղծի մշակել ավելի բարձր եկամտաբերություն ունեցող մշակաբույսեր, ներկայիս մշակվող բույսերը կարող են փոխարինվել նոր պտղատու այգիներով:
Ա. Գեւորգյանն աշխատանքային այցի ավարտին եղավ նաեւ ՀՄՀ-ով վերականգնվող Նոյեմբերյանի պոմպակայանում, ծանոթացավ կատարված աշխատանքների ծավալին: Զեկուցվեց, որ պոմպերի վերազինման եւ պոմպակայանի վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտված են, պոմպերն արդեն շահագործվում են: Ավարտված է պատվարի վերակառուցման աշխատանքների հիմնական մասը: Հաշվի առնելով շինարարության բարդ տեխնիկական լուծումները եւ շինարարության ընթացքում դրանց ապահովման դժվարությունները` պատվարի շինարարութան ամբողջական ավարտը նախատեսվում է մինչեւ օգոստոսի 20-ը:
ՀՄՀ-ի պատասխանատուները փոխվարչապետին ներկայացրին նաեւ ՀՄՀ ծրագրով Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը: Տեղեկացվեց, որ մարզում աշխատանքներն ընթանում են ողջ թափով եւ կավարտվեն նախատեսված ժամկետներում:
Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքները որակով եւ առանց թերությունների իրականացնելու հանգամանքը, ինչպես նաեւ շահագործման ժամանակ ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը:
ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին