Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ
27.05.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ:
107 տարի առաջ՝ մայիսի 28-ը, հայերի փրկության, վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն էր: Տևական ընդհատումից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն ու պետականություն: Այդ բաղձալի նպատակին հասնելու ճանապարհը, սակայն, չափազանց բարդ էր:
Հայաստանի առաջին հանրապետությունը կերտվեց 1918 թվականի մայիսյան հաղթանակներով: Սարդարապատի, Բաշ Ապարանի մայիսյան հերոսամարտերի հետ իր նշանակալի տեղը, պատմական դերն ու բացառիկ նշանակությունն ունեցավ Ղարաքիլիսայի հերոսամարտը: Մեր քաջարի նախնիները, գիտակցելով, որ գոյության կռիվ են տալիս և սեղանին է դրված հայ ազգի լինել-չլինելու հարցը, այս հերոսամարտերում հաստատեցին ապրելու, հարատևելու, արարելու հայոց աննկուն ոգին ու հանուն այդ արժեքների անձնվիրաբար պայքարելու ուժը:
Այս դարավոր երազանքին հասնելու համար շատերն ընկան հերոսի մահով:
Փա՛ռք հանուն պետականության ստեղծման, հանուն հայրենիքի անկախության նահատակված հայորդիների հիշատակին:
Հիրավի, առաջին հանրապետութան հռչակումը պատմական նոր հնարավորություն էր մեզ համար` վերագտնելու հաղթանակների հավատը և վերաիմաստավորելու հայրենասիրության հավաքական ուժը:
Հեռահար հայացք գցելով հայոց դարավոր պատմությանը՝ մի բան կարող ենք միայն փաստել՝ հզոր և աննկուն պետություն ունենալը, միասնականությունն ու հաղթանակի մեծագույն կամքն է ազատ և անկախ ապրելու, պետականություն ունենալու երաշխիքը:
Բոլոր ժամանակներում հաղթանակները պահելու և ամրապնդելու, անկախ երկիրը զարգացնելու համար համախմբվածություն և միակամություն է անհրաժեշտ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի` Հանրապետության օրվա առթիվ և մաղթում խաղաղ երկինք՝ մեր ժողովրդի և Հայաստանի Հանրապետության ծաղկուն ապագայի համար:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Փա՛ռք հայ ժողովրդին: