Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Վերջին դասի» և «Վերջին զանգի» կապակցությամբ
23.05.2025

Հարգելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ,
ուսումնական տարվա ավարտին «Վերջին զանգի» միջոցառումը ու դրա խորհուրդը տասնամյակներ շարունակ ընկալվել է՝ որպես հասունության ատեստատ ստացող, դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտների օր, սակայն իր էությամբ, այն ուսումնառող սերունդների համար մեկ տարով էլ հասունանալու խորհրդանշական հուզիչ միջոցառում է:
Ուստի ես սրտանց շնորհավորում եմ սերունդների ժառանգորդությունը հաստատող իրադարձության բոլոր մասնակիցներին՝ հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին, բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բոլոր դասախոսներին և ուսանողներին, նախադպրոցական հիմնարկների դաստիարակներին, դայակներին ու նրանց սաներին՝ ուսումնական տարին հաջող ավարտելու առթիվ:
Այդ աստղաբույլում, իհարկե, գլխավոր հերոսները եղել և մնում են դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտներն ու նրանց բարի երթ մաղթող մեր բազմավաստակ ուսուցիչները, որոնց առանձնահատուկ շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ:
Սա այն սերունդն է, որը մի քանի տարուց ժառանգելու է մեր երկիրն՝ իր հինավուրց մշակույթով, գիտությամբ, տնտեսությամբ, պետական ու հասարակական կառույցներով հանդերձ ու ձգտելու է այն ավելի լավը դարձնել:
Մենք ողջունում ենք նրանց մուտքը դեպի ստեղծարար կյանք, շնորհավորում նրանց՝ ուսումնառության առաջին լրջագույն փուլն ավարտելու առթիվ:
Այսօր ևս մեկ բարեհարմար առիթ է շնորհակալություն հայտնելու նաև մեր մանկավարժներին, որոնց փոխանցած գիտելիքների, ունակությունների, հմտությունների շնորհիվ աշակերտները հաջողությամբ հաղթահարում են իրենց բաժին հասած փորձությունները: Նրանց տքնաջան նվիրման արդյունքը հոգով, մտքով ու գիտելիքներով հարուստ սերունդն է:
Շնորհավորում եմ նաև ծնողներին, ովքեր բազում երազանքներ ունեն իրենց զավակների հետ կապված և վստահ եմ, այսօր շրջանավարտներից առավել են հուզված:
Կրկին շնորհավորելով բոլորին «Վերջին զանգի» կապակցությամբ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ ուսումնառության մեջ և կյանքում:
Թող ձեր կյանքի ուղին լինի խաղաղ և անխոչընդոտ:
Շնորհավո՛ր «Վերջին զանգ»: Բարի երթ: