Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ
29.04.2025

Պարարվեստի հարգելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:
Այս տոնը այն եզակի օրերից մեկն է, որը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է տալիս խոսել պարի լեզվով:
Պարը գեղեցկություն է, վեհություն, արվեստ, որը բնորոշում է ոչ միայն մարդուն, այլև ամբողջ ժողովրդին՝ խորհրդանշելով նրա պատմությունը:
Պատահական չէ, որ յուրաքանչյուր ազգություն ունի միայն իրեն հատուկ պարային բեմադրություններ, որոնք բնորոշում են նրա պատմական ուղին, նախասիրություններն ու առանձնահատկությունները: Թերևս այդ է պատճառը, որ տարբեր պարեր դիտելիս՝ անմիջապես կարողանում ենք ասել, թե ո՞ր ազգին են պատկանում: Բնորոշելի է, որ մեր ազգային պարերը ներկայացնում են միասնական լինելու, հայրենիքը պաշտպանելու մեր արդարացի ձգտումը:
Պարի միջազգային օրվա կապակցությամբ մենք նաև մեր խոնարհումն ենք հայտնում պարարվեստի երախտավորներին, որոնց թվում քիչ չեն նաև լոռեցիները: Նրանք մեծ ներդրում են ունեցել մեր ազգային մշակույթը պահպանելու և զարգացնելու գործում: Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում այն վարպետներին, ովքեր հայկական ազգային պարարվեստի գաղտնիքները փոխանցում են սերունդներին և բոլոր նրանց, ովքեր ազգայինը պահպանելով հանդերձ՝ կարողանում են հանդես գալ նոր ասելիքով:
Կրկին շնորհավորելով Պարի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, ծափողջույնների տարափ և լեփ-լեցուն դահլիճներ: