Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈւ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈւ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
28.04.2025

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ լոռեցիներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Քաղաքացին յուրաքանչյուր պետության հիմնասյունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պատիվ է և միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն:
Քաղաքացու օրը ոչ միայն օրացուցային տոն է, այլև ունի խորհրդանշական մեծ կարևորություն: Այն սերտորեն կապված է ժողովրդավարության գաղափարի հետ: Ժողովրդավարությունը ենթադրում է խոսքի, արտահայտվելու ազատություն, տեղաշարժի ազատություն և մի շարք այլ ազատություններ ու դրանք լիարժեքորեն տրված են մեր հասարակությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
այս օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու մեր երկրի քաղաքացուն՝ արժանապատվությամբ կրելու ՀՀ քաղաքացու կոչումը՝ հանուն մեր պետության բարօրության։
Մեզնից յուրաքանչյուրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության հենարանն ու պահապանը՝ ամուր կանգնելով նրա ապագայի համար և ամենօրյա բարեխիղճ գործունեությամբ նպաստի սիրելի հայրենիքի զարգացմանը և վերելքին։ Միայն քաղաքացու գիտակցված մասնակցությամբ, անձնուրաց աշխատանքով է ձևավորվում հզոր հասարակություն և ամրապնդվում պետությունը:
Լոռին հարուստ է տաղանդավոր և աշխատասեր քաղաքացիներով, ովքեր իրենց բարձր քաղաքացիական գիտակցությամբ, նախաձեռնություններով և ակտիվ մասնակցությամբ յուրաքանչյուր օր իրենց համեստ ներդրումն են ունենում մեր երկրի, մարզի, համայնքների զարգացման գործում։
Կրկին շնորհավորելով այս նշանակալի տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։ Թող յուրաքանչյուր բնակչի պատասխանատու ու գիտակից մոտեցումը դառնա ՀՀ քաղաքացու առաջընթացի ճանապարհը։
Շնորհավո՛ր տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի: