Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

25.04.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, աշխարհասփյուռ հայությունը գլուխ է խոնարհում 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված եղեռնի զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն զոհերի հիշատակի առջև: Մեզ հետ միասին ոճիրը դատապարտում են նաև այն բոլոր պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն մարդկության դեմ, և պահանջում, որ այլևս երբեք չկրկնվեն նման ոճրագործությունները:
Կատարվածը զազրագործություն էր նաև՝ ուղղված մեր մշակութային արժեքների դեմ. մենք կորցրեցինք դարերով կերտված մեր հոգևոր, նյութական ու մշակութային գանձերի մի մասը:
Այսօր համայն հայությունը կրկին իր երախտիքի խոսքն է ուղղում
բոլոր այն երկրներին ու անհատներին, որոնք հայ ժողովրդի կողքին էին այդ ծանր օրերին, օգնության ձեռք էին մեկնում հայրենազուրկ, որբ ու անօթևան մնացած մեր հայրենակիցներին, ինչի շնորհիվ շատերը կարողացան փրկվել և վերընձյուղվել այն երկրներում, որտեղ ստիպված էին ապաստան գտնել:
Ապրիլի 24-ը մեզ՝ հայերիս ու համայն մարդկության համար նաև սթափության օր է: Մենք պետք է գիտակցենք, որ միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի զորու ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ:
Կրկին գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք պարտավորվում ենք այլևս երբեք թույլ չտալու նման հանցագործություններ ու ոտնձգություններ:
Փա՛ռք նահատակներին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-06 09:25:46