Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
16.04.2025

Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաննե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշտապես ծառայել է հարազատ ժողովրդին, հարկ եղած դեպքում՝ պաշտպանել հայրենիքի սահմանային անվտանգությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարեգրությունը հերոսական բազմաթիվ էջեր ունի: Այդ տարեգրությունը խիզախման, անձնվիրության վառ օրինակների հուշամատյան է:
Հարգելի ոստիկաններ, յուրաքանչյուր տարի ձեր մասնագիտական տոնը առիթ է ոչ միայն վերլուծելու և ամփոփելու ձեր դժվարին ծառայության արդյունքներն, այլև արժևորելու ձեր այն նվիրումն ու մասնագիտական բարձր հմտությունները, որոնք ի սպաս են դրվում հասարակական կյանքում օրինապահության, կարգ ու կանոնի պահպանման համար: Ձեր աշխատանքը հաճախ անձնազոհություն է պահանջում և անմնացորդ նվիրում: Ինչպես որ մեր երկիրը, այնպես էլ՝ նրա ոստիկանությունը, կայացման ու ամրապնդման կարևոր շրջան է անցել:
Լոռու մարզի ոստիկանները նույնպես, Հայաստանի Հանրապետության ոստիկանության շարքում, անցել են վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, և այսօր էլ՝ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, մարդկանց գույքի, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխիքն է:
Ոստիկանի վարքն ու դիմագիծն ուղղակիորեն կապվում են երկրի և պետության նկարագրի հետ և, այսօր, բարեհարմար առիթ է ընդգծելու, որ դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնը՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի:
Պատիվ ունեմ: