Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2025

Թատերարվեստի սիրելի՛ գործիչներ, բեմի՛ նվիրյալներ,
շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ մեզ համար արվեստի այս ճյուղն ամենասիրելիներից մեկն է, ամենահոգեհարազատը, և դա բնական է, քանի որ թատրոնը հայ ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է:
Հայոց թատերարվեստի երեքհազարամյա պատմության մի մասնիկն է նաև Լոռու թատերարվեստը: Վաղնջական ծիսական արարողություններից մինչև դիցական պատումների ներկայացումներ, ժողովրդական թատերախաղեր, լարախաղացություն, նշանդրեքի ու հարսանեկան ավանդույթ-թատերախաղեր, ռազմամարզական մրցախաղեր, որոնք ներկայացվել են թատերականացված դրվագներով, ոչ միայն տարածված էին Լոռում, այլև դրանցից շատերը սկիզբ են առել հենց մեր բնաշխարհում:
Սիրելի՛ թատերական գործիչներ, դուք այդ հինավուրց ավանդույթների կրողը, պահպանողն ու զարգացնողն եք:
Լոռու մարզի պետական և համայնքային թատրոններն իրենց մեծագույն ներդրումն ունեն հանրապետության թատերարվեստի, մշակութային կյանքի զարգացման գործում: Այդ մասին է վկայում ժողովրդական ու վաստակավոր արտիստների այն աստղաբույլը, որոնցով մենք հպարտանում ենք: Մեր թատրոններում նաև սահուն սերնդափոխություն է տեղի ունենում և ավագ սերնդի կողքին հնչում են նաև երիտասարդ տաղանդավոր արտիստների անուններ:
Լոռեցի թատերագիրների, բեմադրիչների, բեմանկարիչների, դերասանների ստեղծագործական նվաճումների շնորհիվ է նաև, որ այսօր մեր մարզում ունենք կայացած, ստեղծագործական բեղուն ուղի անցած թատրոններ:
Թանկագին բարեկամներ,
թատրոնը հիրավի համարվում է ամենաազդեցիկ միջոցը, որով կարելի է ներգործել մարդու վրա, ուստի մեծապես նաև ձեզնից է կախված, թե ինչ ճաշակ ու ինչպիսի տրամադրություններ կձևավորեք հասարակության մեջ: Այս առումով ձեր ուսերին նաև մեծ պատասխանատվություն է դրված:
Կրկին շնորհավորելով ձեզ՝ թատերարվեստի սիրելի գործիչներ, թատրոնում աշխատող և այս բարձրագույն արվեստին մոտ կանգնած սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ ստեղծագործական անհատնում եռանդ, նոր ներշնչանքներ, մշտապես լեփ-լեցուն դահլիճներ: