Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Գրողների համաշխարհային օրվա առթիվ
03.03.2025
Գրական աշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, ստեղծագործողնե՛ր,
սիրելի՛ ընթերցողներ,
սրտանց շնորհավորում եմ Գրողների համաշխարհային օրվա կապակցությամբ:
Սա բոլոր նրանց տոնն է, ովքեր հարստացնում են մեր՝ դարերից եկած անկրկնելի գրականությունը և բոլոր նրանց, ովքեր մեծագույն գոհունակությամբ ու սրտի թրթիռով կարդում են այդ գրվածքները։
Հայ գրականությունը համաշխարհային գրավոր մշակույթի հետաքրքիր և ինքնատիպ մասն է կազմում: Նրա ակունքները խոր հնադարում են, այն ժամանակներում, երբ հայկական լեռնաշխարհում ձևավորվել է հայությունն իբրև ժողովուրդ ու ազգ։ Այդ գործընթացն ունեցել է մի քանի հազարամյակի տևողություն, և գեղարվեստական միտքն իր արտահայտությունն է ստացել բացառապես բանավոր ճանապարհով, ինչի վկայությունն են մեր առասպելները, բանահյուսական ժանրի ստեղծագործությունները։
Հայ գրականությունն անցել է ազգային գրականության զարգացման բոլոր փուլերը և մարդկությանը տվել է անփոխարինելի գոհարներ, որոնցով մենք հպարտանում ենք: Սեփական գրերը հայ գրականությանը հաղորդել են նաև ուրույն զարգացման հնարավորություն և անկրկնելիություն: Գրերի գյուտից հետո գրականությունը հարստացել է բանահյուսական մեծ ժառանգությամբ, դարերի ընթացքում հանդես են եկել գրական նոր ինքատիպ ոճեր և ձևեր:
Այժմ էլ հայ գրականությունը հարստացրած մեր հանճարներին փոխարինելու է գալիս յուրահատուկ մի սերունդ, որը նոր ոճ ու թարմություն է բերում իր հետ: Վստահ եմ, նրանք կլինեն հայ գրականության մեծերի արժանի փոխարինողները և նրանց անունները ևս ոսկյա տառերով կգրվեն հայ գրականության պատմության էջերում:
Օրվա խորհրդի շրջանակներում կարևոր է անդրադառնալ նաև մատաղ սերնդի մեջ գրականության ու ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու կարևորության մասին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման այս ժամանակաշրջանում ընթերացանությունը հաճախ երկրորդ պլան է մղվում և մեր՝ բոլորի խնդիրն է սեր արթնացնել ընթերցանության նկատմամբ, մատաղ սերնդին հաղորդակից դարձնել հայ և համաշխարհային դասական ու ժամանակակից գրականության արժեքներին:
Կրկին շնորհավորելով Գրողների համաշխարհային օրվա առթիվ՝ բոլոր ստեղծագործողներին մաղթում եմ արևշատություն, արժեքավոր գրվածքներ, ստեղծագործական վերելքներ, իսկ մեզ՝ ընթերցողներիս՝ որակյալ գրականության վայելում:



