Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ
28.01.2025

Սիրելի՛ լոռեցիներ, զինված ուժերի հարգելի՛ ներկայացուցիչներ, զինծառայողնե՛ր ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ:
Այս օրը մեր տոնացույցի կարևոր օրերից մեկն է, քանզի նշում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր բանակի 33-րդ տարեդարձը:
Հայ ժողովրդի՝ ազատ, անկախ երկիր ունենալու մեծագույն երազանքը դարերով մշտապես ուղեկցվել է սեփական հզոր բանակ ունենալու նպատակադրմամբ և այդ է նաև պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ ակնածանք է տածում բանակի և հայ զինվորի նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում բանակաշինության գործում, քանի որ բանակը բարեփոխելը, մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և մեր պետությունը հաստատակամորեն գնում է այդ ճանապարհով: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր պետության տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարևորագույն հիմնասյունն են:
Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ կարևորելով տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը:
Հետևողական ջանքեր են գործադրվում՝ ներդնելով նաև պրոֆեսիոնալ բանակ ունենալուն ուղղված ծրագրեր, տրամադրվում սոցիալական երաշխիքներ, կարևորվում է մարտունակ պահեստազորի պատրաստումը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
օգտվելով օրվա խորհրդից՝ իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում բոլոր այն զինծառայողներին, ովքեր անբասիր ու արհեստավարժ են և հավատարիմ Հայաստանի Հանրապետությանը տված իրենց երդմանը, բոլոր նրանց, ովքեր պատիվ են ունեցել անմնացորդ ծառայելու մեր երկրին ու ժողովրդին:
Խորին խոնարհումս՝ զոհված զինծառայողների հիշատակին: Հավերժ փառք ձեզ:
Շնորհավո՛ր տոնդ, Հայկական բանակ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: