Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը
03.01.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, շուտով կղողանջեն ամանորյա զանգերը և մենք կթևակոխենք 2025 թվական:
Պատմություն է դառնում 2024 թվականը ևս, որը Հայաստանի Հանրապետության ու նրա պետականության պատմության, ժողովրդի կյանքում ու նրա հիշողության մեջ արձանագրվում է՝ որպես մարտահրավերների, միաժամանակ մի շարք բարեփոխումների ու ծրագրերի իրականացման տարի:
Մենք, ձեզ հետ միասին, եղել ենք այդ մարտահրավերների դիմակայման, հիմնախնդիրների լուծման, խոչընդոտները հաղթահարելու կիզակետում և ունեցել ենք նաև մեր ավանդը տարբեր բնագավառներում արձանագրված հաջողությունների մեջ:
Մենք լիահույս ենք, որ Լոռու մարզի, ինչպես և ողջ հանրապետության համար, 2025 թվականը լինելու է բեկումնային: Այդ են վկայում ըստ տարբեր բնագավառների մշակված և արդեն իսկ հաջողությամբ մեկնարկած զարգացման և բարեփոխումների ծրագրերը:
2024 թվականը Լոռու մարզի համար առանձնացել է սուբվենցիոն և կապիտալ ներդրումային ծրագրերի մեծ ծավալներով, ինչը նպաստել է ենթակառուցվածքների բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համայնքներում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Հաջողություններ ենք գրանցել նաև կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: Այսուհանդերձ, դեռևս շատ ու շատ գործեր ունենք անելու մեր երազած մարզն ու համայնքներն ունենալու համար:
Մենք գիտակցում ենք, որ գալիք տարում ևս անելիքները շատ են, քանզի ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս:
2024 թվականը Լոռու մարզի համար լի էր նաև փորձություններով. ջրհեղեղի հետևանքով լուրջ վնասներ կրեցին մարզի մի շարք բնակավայրեր, ենթակառուցվածքներ, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, կամավորների ներդրած առավելագույն ջանքների շնորհիվ հնարավոր եղավ արագ լուծում տալ առաջնային խնդիրներին:
Այժմ էլ, ընթացքի մեջ են կառավարության կողմից տրվող փոխհատուցման գործընթացը, միջազգային գործընկերների համագործակցությամբ նաև՝ ենթակառուցվածքների բարելավման կապիտալ և երկարաժամկետ ծրագրերը:
Հարգելի՛ բարեկամներ, 2025 թվականին հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը բոլոր ուղղություններով, շարունակելու ենք մեր ծանրակշիռ ավանդն ունենալ բոլոր ոլորտներում:
Թանկագի՛ն հայրենակիցներ, սոցիալական այն դժվարությունները, որոնք դեռևս առկա են մեզանում, հաղթահարելի են միայն այն դեպքում, երբ կա աշխատելու, արարելու կամք ու վճռականություն։ Պատրաստակամ ենք սատար կանգնելու բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ կլինեն իրենց գաղափարները ներդնելու, ներդրումներ իրականացնելու իրենց համայնքը, մարզն ու երկիրը զարգացնելու համար:
Սիրելի՛ բարեկամներ, այս տարեմուտի նախաշեմին ուզում եմ ընդգծել նաև մեր պատրաստակամությունն առավել մեծ հոգատարություն ցուցաբերելու հատկապես խոցելի խմբերի մարդկանց ու ընտանիքների նկատմամբ:
Ամանորի առթիվ շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Լոռու մարզում ապաստան գտած մեր շուրջ 5500 հայրենակիցներին, ովքեր ավելի քան մեկ տարի ապրում են մարզի տարբեր բնակավայրերում՝ իրենց ստեղծող ու արարող, երբեք չընկճվող ու չհուսահատվող բնույթով մեծ ավանդ բերելով մեր բնակավայրերի զարգացմանը:
Կառավարությունը անում է ամեն հնարավորը, որպեսզի դուք ձեզ զգաք հասարակության լիիրավ անդամ:
Սիրելի հայրենակիցնե՛ր, մենք շարունակելու ենք անդուլ կերպով, մեծագույն ջանքերի գնով հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները: Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ամենալավ ծրագրերը թղթի վրա երազանք կմնան, եթե դրանց իրականացման գործընթացում միանպատակ համախմբվածություն չլինի: Համախմբվածություն՝ ղեկավարի և ժողովրդի միջև, համախմբվածություն՝ հանուն կառուցողական գաղափարների, համախմբվածություն՝ մեր դարավոր ու նորօրյա արժեքները պահպանելու, բազմապատկելու գործում: Այս համախմբվածությունը, ինչպես և աշխարհում ամեն մի լավ բան, ծնվում է սիրուց:
Սեր՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մարզի, համայնքի, փողոցի, բակի, հարևանի և հարազատի նկատմամբ: Սեր և համերաշխություն. սա է մեր ժողովրդի հնագույն իմաստնության խրատն ու դասը:
Ապավինելով մեր ստեղծագործ մտքին և արարող բազկին՝ մենք նոր նվաճումներ ենք ունենալու, ձգտելու ենք ավելի բարեկեցիկ և ապահով դարձնել մեր կյանքը, է՛լ ավելի զորեղ դարձնել մեր բանակը, անսասան պահպանել մեր հավատքը: Դա է յուրաքանչյուրիս նպատակը:
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, տարեմուտի գիշերը եկեք բոլորս հոտնկայս հարգենք մեր հերոս տղաների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Հայաստանի Հանրապետության: Հավերժ փառք ու խոնարհում:
Ամանորի առթիվ ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր աշխատանքի բնույթից ելնելով՝ տարեմուտի գիշերն անցկացնելու են աշխատավայրերում:
Հաջողություններ ու գալիք տարում նորանոր ձեռբերումներ մաղթենք իրենց գործին նվիրյալ մեր բոլոր հայրենակիցներին: Շնորհավորենք նաև արտերկրում գտնվող բոլոր լոռեցիներին, ցանկանանք նրանց շուտափույթ վերադարձ հայրենի օջախներ:
Հարգելի՛ հայրենակիցներ, հնուց ի վեր Ամանորը ընտանեկան տոն է: Լոռեցիներս էլ մի մեծ ընտանիք ենք և մեր բարեհոգությամբ, հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ կրում ենք այն բոլոր որակները, որոնք հատուկ են հայ ընտանիքին: Ուստի, այդ հավատով ու ձգտմամբ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, մաղթում, որ յուրաքանչյուրիս հարկի տակ թևածի ուրախություն, սեր, համերաշխություն և բարեկեցիկ կյանք: Եվ ամենագլխավոր բարեմաղթանքը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ: