Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ
06.12.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր,
այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 36-րդ տարելիցը։ Օրը ծանր հիշողություններով է համակում բոլոր նրանց, ովքեր տարերային աղետի վկան ու ականատեսն են եղել, ովքեր կորցրել են հարազատ ու սիրելի մարդկանց, ընկերների: Այսքան տարի անց էլ ծանր հիշողությունները չեն խամրում և ցավը չի մեղմանում:
Հիշատակի այս օրը ուզում եմ ցավակցական խոսք հղել այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան: Ցավոք, կորստի վիշտն անամոքելի է անգամ այսքան տարիներ անց, սակայն կյանքը շարունակվում է՝ մեզ կոչելով արարել, ստեղծել ու զարգացնել մեր համայնքները, մարզը, երկիրը:
Հիշատակի այս օրը կոչվում է նաև Աղետների դիմակայության օր, ինչը, կարծես, սթափության է մղում՝ պատրաստ լինելու, զինվելու անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ցանկացած աղետի ժամանակ նվազագույն կորուստներ ունենալու համար: Այսօր ՆԳ նախարարության փրկարարական ծառայությունը զինված է թե՛ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, թե՛ մարդկային ռեսուրսներով ու պրոֆեսիոնալիզմով՝ աղետների ռիսկերի կառավարման համար, սակայն կարևոր է նաև, որ քաղաքացիները ևս, սկսած մանկահասակ տարիքից, կարողանան տիրապետել պարզագույն վարքականոնային հմտությունների՝ երկրաշարժերից ու այլ բնական աղետներից պաշտպանվելու համար:
Կրկին խոնարհումս հայտնելով բոլոր անմեղ զոհերի հիշատակին՝ մաղթում եմ, որ այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն ու մեր ժողովուրդն ընթանա զարգացման ու բարեկեցության ուղով: