Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ
05.12.2024
Սիրելի՛ հայրնակիցներ,
Այս օրը ևս մեկ առիթ է և հնարավորություն ընդգծելու կամավորական աշխատանք իրականացնելու պատրաստ բոլոր մարդկանց մեծ դերակատարությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Անշահախնդիր կերպով արված, առանց փոխհատուցման ակնկալիքի՝ թեկուզ ամենափոքր աշխատանքն անգամ մարդասիրության մեծագույն դրսևորում է և արդեն իսկ խոսում է անձի բարձր մարդկային հատկանիշների մասին:
Կամավորական աշխատանքի դրսևորումները մեզանում ամենուր են: Սկսած 1988-ի աղետալի երկրաշարժին մեր երկրին ցուցաբերված հսկայածավալ կամավորական աջակցությունից մինչև 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո բազմաթիվ ինքնաբուխ խմբերի և անհատների մարդասիրական գործունեությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիներին առաջին իսկ րոպեներից ցուցաբերված մեծագույն աջակցությունը, հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից բազմաթիվ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատարությունը:
Մեծ ծավալի կամավորական աշխատանքի ականատես եղանք նաև այս տարի: Լոռու մարզին պատուհասած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում պետական ինստիտուտներին զուգահեռ ինքնաբուխ կերպով ներգրավվեցին ինչպես անհատներ, այնպես էլ՝ կազմակերպություններ՝ ցանկություն հայտնելով աջակցելու աղետի հետևանքների վերացմանը, ցուցաբերելով նաև հումանիտար տարաբնույթ աջակցություն: Այս ամենն արժանի է ամենաբարձր գնահատականի և երախտագիտության:
Կամավորական ներուժի ներգրավվումը արդիական է բոլոր երկրների համար, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետության, ինչը խոսում է այն մասին, որ անկախ պետության ունեցած տնտեսական հնարավորություններից, պետական ինստիտուտների տեխնիկական և մարդակային ռեսուրսներից, շատ կարևոր է, որ ցանկացած մարդ պատրաստ լինի անշահախնդիր կերպով օգնելու դժվարին կացության մեջ գտնողին, այն մտայնությամբ, որ ինքը ևս երբևէ կունենա կարեկից ձեռքի օգնության կարիքը:
Սիրելի՛ կամավորներ, հենց դուք եք երկրագնդի շարժիչ դրական ուժը, և այո՛՝ հումանիզմն ու սերը կփրկեն աշխարհը՝ զերծ պահելով ամեն բացասական ու վատ երևույթներից, չարությունից, անազնվությունից ու նենգությունից:
Սիրելի՛ կամավորներ,
մաղթում, որ ձեր կամքն անկոտրում լինի, հնարավորություններն՝ անսպառ, որպեսզի կարողանաք բազմաթիվ լավ գործեր կատարել, օգտակար լինել մարդկանց, շրջապատին:
Խաղաղություն, բարեկեցություն ու փոխադարձ բարություն ձեզ և ձեր ընտանիքներին: