Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Ուսուցչի օրվա» կապակցությամբ

07.10.2024

Սիրելի՛ ուսուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:
Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր տեղը։ Ավելին՝ յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են, քանզի դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները կրթվում, դաստիարակվում են, հասունանում՝ որպես հասարակության լիարժեք անդամներ:
Յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ նախանձախնդիր է իր նոր սերնդին գիտելիքներով զինելու հարցում: Սակայն, եթե նրանցից շատ-շատերը կրթության և դաստիարակության նպատակը հիմնականում տեսնում են այդ գիտելիքներով անձնական բարօրություն ստեղծելու մեջ, որն անշուշտ կարևոր է, հնուց ի վեր հայ ժողովուրդի համար իր զավակին կրթված ու գիտելիքներով հարուստ տեսնելու գլխավոր նպատակը հանրությանը և հայրենիքին առավել չափով ծառայելու մեջ է: Ուստիև, մեր պետության հզորացման և ազգային իղձերի իրականացման գործում չափազանց կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, լինի այն՝ սահմանամերձ փոքրիկ գյուղի, մարզկենտրոնի, մայրաքաղաքի, թե՝ սփյուռքի կիրակնօրյա հայկական դպրոցներում:
Սիրելի՛ ուսուցիչներ,
դուք նոր սերնդին տալիս եք ոչ միայն գիտելիքներ, այլև ավանդում եք մեր ժողովրդի հայրենասիրության դարավոր ոգին, Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացին ու զինվորը լինելու բարձր գիտակցումը: Ձեր մանկավարժական գործունեությամբ, նաև անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
Կրթության ոլորտում ՀՀ կառավարության ներդրած ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում, որպեսզի աշխարհի սրընթաց զարգացումներում մեր կրթական համակարգը համընթաց քայլելու հնարավորություն ունենա՝ ի շահ եկող սերունդների: Ներդրվում են ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման ծրագրեր՝ մասնագիտական կարողությունները բարձրացնելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Ինչպես յուրաքանչյուր նորարար մոտեցում, ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների սկզբնական փուլը նույնպես լի է բարդություններով: Սակայն, վստահ եմ, դրանք շատ արագ կհաղթահարվեն՝ նպաստելով կրթական համակարգի լիարժեք կայացմանը:
Սիրելի՛ ուսուցիչներ,
շնորհակալություն ձեզ՝ մեծավանդ ու արգասաբեր գործունեության համար:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` «Ուսուցչի օրվա» կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր անչափ կարևոր և պատասխանատու գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13