Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա կապակցությամբ
04.10.2024
Սիրելի՛ վանաձորցիներ,
ջերմորեն շնորհավորում եմ հարազատ քաղաքի տոնի կապակցությամբ:
Վանաձորցին աշխատանքի, գիտության, մշակույթի հարգն իմացող քաղաքացի է, ով յուրահատուկ աշխատասիրությամբ ու լավատեսությամբ շարունակում է իր քաղաքի պատմությունը՝ Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի լավագույն ավանդույթները՝ նոր, արժանահիշատակ դրվագներ արձանագրելով դրանում:
Վանաձորը միշտո յուրահատուկ է եղել իր բնակիչներով` մտավորականներով ու արվեստագետներով, երաժիշտներով, գեղանկարիչներով, արտիստներով, քանդակագործներով ու շինարարներով, մարզիկներով, շատ այլ մասնագիտություններ պատվով կրող կոլորիտային մարդկանցով, որոնցից շատերը, թեև այսօր չկան, սակայն նրանց թողած ահռելի մտավոր ու նյութական ժառանգությունը, նրանց մասին պատմությունները, լիացնում եմ մեր հոգիներն ու հպարտության առիթներ տալիս: Բարի հիշատակ նրանց ու առողջություն և երկարակեցություն մեր այն սիրելի քաղաքացիներին, ովքեր մեր քաղաքի համն ու հոտն են, գույնն ու ներկապնակը: Վստահ եմ, նրանց փոխարինելու կգան նույնքան արժանավոր սերունդներ և Վանաձորը կշարունակի մնալ բարի, համեստ ու խելացի, չափազանց համբերատար, աշխատասեր և լավատես մարդկանց բնօրրան:
Սիրելի՛ բարեկամներ,
«Վանաձորի օրն» այն եզակի տոներից է, որը համախմբում է բոլոր վանաձորցիներին. բոլորին միավորողը մեկն է՝ սերը սիրելի քաղաքի, ծննդավայրի նկատմամբ:
Ծննդավայրում է հյուսվում մեր մանկության երազը, այստեղ ենք կայանում մենք՝ մեր հույզերով, երազանքներով ու նպատակներով: Այդ է պատճառը, որ սիրելի քաղաքի հետ կապված ենք հազարավոր թելերով, ու այն չափազանց թանկ է մեզ համար:
Սիրելի՛ վանաձորցիներ,
Վանաձորում այսօր հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրներ կան: Մեր նպատակն է զարգացման նոր թափ հաղորդել Լոռու մարզկենտրոնին, վերականգնել կանաչ ու հյուրընկալ քաղաք լինելու Վանաձորի համբավը՝ իր ենթակառուցվածքներով, պուրակներով ու այգիներով, ժամանցի գեղեցիկ վայրերով, և վստահ եմ, հասնելու ենք այդ նպատակի իրականացմանը: Վանաձորն ունի բոլոր հնարավորություններն ապահովելու համար ապրելու և արարելու արժանապատիվ պայմաններ:
Ես՝ որպես մարզի ղեկավար, հետևողական եմ Վանաձորին վերաբերող ցանկացած խնդրի լուծման հարցում և բոլոր քաղաքացիներից ակնկալում եմ ակտիվ համագործակցություն: Շատ կարևոր է, որ անտարբեր չգտնվենք մեր քաղաքի հոգսերի և խնդիրների հանդեպ և գիտակցենք, որ յուրաքանչյուրս մեր կարողությունների և հնարավորությունների շրջանակներում պարտավոր ենք առավելագույնն անել, հոգ տանել մեր քաղաքի մասին: Այն քաղաքի, որտեղ ապրում ենք մենք և որտեղ ապրելու են մեր սերունդները:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղ երկինք, առողջություն, ընտանեկան երջանկություն:
Շնորհավո՛ր տոնդ, Վանաձո՛ր,
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ վանաձորցի: