Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ

21.09.2024

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Չափազանց թանկ ու նվիրական օր հայ ժողովրդի համար, քանզի տևական ընդմիջումից հետո՝ 33 տարի առաջ, ազատ ու անկախ պետություն ունենալու մեր երազանքն ու նպատակն ի կատար ածվեց համառ պայքարի ու մաքառումի գնով:
Անկախության, ժողովրդավարության և ինքնիշխանության գաղափարներն են ընկած մեր պետականության հիմքում, և դա է հայ ժողովրդի ընտրությունը: Մենք պետք է հստակորեն գիտակցենք անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու մեծագույն արժեքը և ջանք չխնայենք այն ամրապնդելու համար, քանի որ հակառակ դեպքում մենք զուրկ կլինենք ինքնությունից, չենք ունենա անցյալ ու առավել ևս՝ ապագա:
Անկախության տարիները հայ ժողովրդի համար լի են եղել բազմաթիվ փորձություններով ու դժվարություններով, որոնք սակայն հնարավոր է եղել հաղթահարել նվիրյալ հայորդիների՝ պետական ու քաղաքական գործիչների, զինվորականության, իրավապահ համակարգի ներկայացուցիչների, մշակույթի գործիչների, մտավորականների, բուժաշխատողների ու մանկավարժների, բանվորների ու գյուղատնտեսների, իրենց բազմաբնույթ մասնագիտությունները պատվով կրող ու իրնեց աշխատանքը պատվով կատարող մեր քաղաքացիների մեծ ջանքերի շնորհիվ: Շնորհակալություն ձեզ պետականության բարձրագույն արժեքներին նվիրումի ու պատվախնդրության համար:
Այս տոնական օրը պարտավոր ենք հիշել նաև այն բոլոր հերոսներին, ովքեր ընկան հանուն մեր այսօրվա անկախության ու ազատության: Հավերժ փա՛ռք նրանց:
Հարգելի՛ բարեկամներ, այսօր առավել քան երբևէ մեր երկրի համար թիվ մեկ նպատակը տևական խաղաղության ամրապնդումն է, ինչը հնարավորություն կտա մեզ շարունակական զարգացում ապահովելու տարբեր ոլորտներում՝ հանուն մեր երկրի լավագույն ապագայի, մեր սերունդների, Հայաստանի Հանրապետության հզորացման: Այս ճանապարհը հեշտ չէ, սական հայ ժողովուրդը պատրաստ է հաղթահարելու ցանկացած դժվարություն, ինչն ապացուցել է դարերով:
Կրկին ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49