Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի օրվա կապակցությամբ

04.09.2024

ՆԳՆ Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաննե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ:

Օգտվելով առիթից՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ անձնվեր ու անշահախնդիր աշխատանքի, նվիրումի համար:

Փրկարար լինելն առաքելություն է, կոչում և քչերին է միայն վիճակված կրելու փրկարար լինելու բարձր պատիվը: Մեր փրկարարները մեկ անգամ չէ, որ ապացուցել են դա՝ անձնուրաց աշխատանքով, հաճախ առողջության ու կյանքի գնով փրկելով հազարավոր կյանքեր: Ասվածի վառ ապացույցն է ձեր՝ մեծագույն երախտագիտության արժանի աջակցությունը ամիսներ առաջ մարզին պատուհասած աղետի հետևանքների վերացման, աղետից տուժած բնակիչներին աջակցության ցուցաբերման գործում:

Դուք մեր բնակչության կողքին էիք աղետի առաջին իսկ րոպեներից մինչև վերջ, երբ հնարավոր եղավ արդեն ապահովել հաղորդակցությունը բնակավայրերի միջև: Մոռանալով սեփական անձը, անտեսելով հոգնածությունը՝ դուք չէիք դադարում օգնել աջակցության կարիք ունեցողներին՝ միաժամանակ ցուցաբերելով մեծագույն հոգեբանական աջակցություն:

Խոնարհումս ձեր մարդկային բարձր որակների ու մասնագիտական պրոֆեսիոնալիզմի առջև:

Փրկարար ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ երկար տարիների քրտնաջան աշխատանքի, մասնագիտական կարողությունների հետևողական զարգացման, պետության և միջազգային կառույցների մեծագույն աջակցությամբ ոլորտը լիարժեք կայացած է մեր երկրում ու շարունակական զարգացում է ապահովում: Մեր հանրությունն այսօր մեծ վստահություն ունի ձեր նկատմամբ, իսկ դա ձեր աշխատանքի ամենամեծ գնահատականն է:

Ջերմորեն շնորհավորում եմ նաև վետերաննե՛րին: Ձեր փորձառությունը, գործին նվիրվածությունը, որպես օրինակ է ծառայել ավելի երիտասարդ աշխատակիցների համար՝ դառնալով այն հիմնասյունը, որի վրա նրանք կառուցում են արդեն սեփական փորձառությունը:

Կրկին շնորհավորելով Փրկարարի օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն, բարեկեցություն և բարօրություն ձեր ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38