Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը «Ալավերդու օրվա» կապակցությամբ
19.07.2024
Սիրելի՛ ալավերդցիներ, շնորհավորում եմ ձեզ Ալավերդի համայնքի օրվա կապակցությամբ:
Ալավերդին ծնունդ է առել՝ որպես հանքագործների և մետալուրգների բնակավայր՝ շնորհիվ ձեր արարող և շենացնող տեսակի, ու պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի այս օրը նշվում է նաև «Հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնը»:
Ալավերդին Լոռու ամենայուրօրինակ բնակավայրերից մեկն է՝ աննկարագրելի գեղեցիկ բնությամբ, պատմական ու մշակութային տեսարժան վայրերով:
Այս բնաշխարհում խոյացած ձեռակերտ հուշարձանները՝ Սանահինի, Հաղպատի, Ախթալայի, Օձունի վանքերը, հնադարյան կամուրջները, հարյուրավոր խաչքարերն ու հուշարձանները իրավունք են տալիս մեզ ասելու, որ Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են: Մենք իրավունք ունենք հպարտանալու և ասելու, որ Ալավերդու օրը նախորդ և ներկայիս սերունդների տոնն է, որը մենք նշում ենք հպարտությամբ ու արժանապատվությամբ:
Անգամ համայնքին պատուհասած տարերային աղետը չկարողացավ կոտրել ալավերդցու լավատեսությունը, տոկունությունը: Պետական բոլոր կառույցների ու միջազգային գործընկերների, կամավորների ուժերը կենտրոնացվեցին համայնքը օր առաջ աղետի պատճառած հետևանքներից ազատելու ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար: Մեր միասնական ջանքերը արդյունք տվեցին, և մենք կարողացանք շատ կարճ ժամանակահատվածում լուծում տալ առաջնային խնդիրներին: ՀՀ կառավարության որոշմամբ աղետից տուժած ընտանիքները նաև համապատասխան փոխհատուցում կստանան: Աղետի հետևանքների իսպառ վերացման համար, թեև փոքր–ինչ տևական ժամանակահատված է պահանջվում, սակայն ՀՀ կառավարությունը հաստատակամ է ու պատրաստ բոլոր խնդիրներին ամբողջական լուծում տալու հարցում:
Վստահ եղեք, միասնական ուժերով հաղթահարելու ենք բոլոր խնդիրները՝ կառուցելով ավելի բարեկեցիկ քաղաք: Մեր բոլորի ջանքերն ու ալավերդցու արարելու համառ ձգտումը կօգնեն դարձնել սիրելի քաղաքն առավել զարգացած ու ծաղկուն:
Սիրելի ալավերդցինե՛ր, կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ լավատեսություն, անսպառ եռանդ:
Ապրե՛ք և արարե՛ք հայրենի քաղաքում: