Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
31.05.2024
Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր ընտանիք երջանիկ և ամուր է իր երեխաներով, ուստի սա ոչ միայն երեխաների, այլև բոլոր ընտանիքների տոնն է:
Հայաստանի Հանրապետությունում Սահամանդրությամբ և մի շարք օրենքներով, միջազգային կոնվենցիաներով, պետական և հասարակական ինստիտուտների մակարդակով, համակողմանիորեն պաշտպանված են երեխաների իրավունքները:
ՀՀ կառավարությունը երաշխավորում է ցանկացած բռնությունից նրանց պաշտպանությունը, բարեկեցիկ ու հոգատար ընտանիքներում նրանց ապրելու, անվճար կրթություն ստանալու, առողջապահական ծառայություններից օգտվելու և մի շարք իրավունքներ: Տարաբնույթ ծրագրերի իրականացմամբ կարևորվում է նաև երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին օժանդակելը, իսկ մատաղ սերունդներին երջանիկ մանկություն պարգևելը դիտվում է առաջնահերթ խնդիր:
Սիրելի երեխաներ, մեծահասակների ցանկությունն է անել առավելագույնը, որ մեր փոքրիկների մանկությունը լինի անհոգ ու ապահով, որ յուրաքանչյուր երեխա լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքները:
Երեխաները հայկական ընտանիքներում ունեն իրենց առանձնահատուկ տեղը: Նրանք շրջապատված են ջերմությամբ, հոգատարությամբ և սիրով:
Ցավոք, մեր հասարակության մեջ կան նաև պետության խնամքի ներքո գտնվող մանուկներ, որոնց համար ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետի աշխատակազմը՝ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, անում են ամեն հնարավորը, որ նրանք չզգան ծնողական հոգատարության բացակայությունը:
Կրկին շնորհավորելով մեր փոքրիկներին՝ մաղթում եմ, որ նրանց մանկության երկինքը խաղաղ լինի, մշտապես լինեն սիրով ու հոգատարությամբ շրջապատված: