Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
08.05.2024
Հայրենական Մեծ պատերազմի սիրելի՛ վետերաններ, զինվորնե՛ր ու սպանե՛ր,
հարգելի հայրենակիցնե՛ր, լոռեցինե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ:
Հայ ժողովրդի զավակները մեծ ներդրում են ունեցել Հայրենական պատերազմում տարած հաղթանակի գործում՝ քաջաբար դրսևորելով իրենց ռազմի դաշտում և ապացուցելով իրենց մեծ նվիրվածությունը հայրենի հողին ու ազատության գաղափարին: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել խաղաղության ապահովման համար: Նրանց շարքերում քիչ չեն եղել նաև լոռեցիները: Այսօր կրկին մեր խոնարհումն ենք բերելու և հարգանքի տուրք ենք մատուցելու բոլոր հերոսների հիշատակին:
Ցավոք, Հայրենական պատերազմում հաղթանակ կերտած մեր վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են: Առողջություն բոլոր նրանց, ովքեր շարունակում են երջանկացնել մեզ իրենց իմաստուն ներկայությամբ: Հավերժ փա՛ռք նրանց, ովքեր չկան: Նրանց հիշատակը վառ են պահում սերունդները, մենք՝ բոլորս:
Հենց նրանց սխրանքն է ոգեշնչել սերունդներին, ովքեր շատ տարիներ անց հերոսաբար մարտնչել են մեր երկրի սահմանների պաշտպանության համար մղված հերոսամարտերում:
Մայիսը հայ ժողովրդի համար հաղթական ամիս է, և վստահաբար կարող եմ ասել՝ մենք դեռ կունենանք հաղթական մայիսներ: Մենք պետք է հաղթենք մեր հզոր տնտեսությամբ, գիտական նվաճումներով, մշակույթով: Իսկ դրա համար հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն խաղաղության պետք է միասնական ու համախմբված լինենք:
Սիրելի՛ վետերաններ, զինվորնե՛ր ու սպանե՛ր,
մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ առողջություն, խաղաղ երկինք:
Կեցցե՛, Հայաստանի Հանրապետությունը: