Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
16.04.2024
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշտապես և այսօր էլ՝ պատվախնդրորեն իրականացնում է քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, կանխարգելում հանցագործությունները, անողոք պայքար մղում հանցավորության դեմ:
Երկար տարիներ աշխատելով համակարգում՝ լիարժեքորեն գիտակցում եմ ձեր աշխատանքի պատասխանատվությունն ու բարդությունը և մաղթում հաջողություններ ձեր դժվարին գործում:
Ձեր արհեստավարժ ու սկզբունքային աշխատանքով, մարդկային ու բարոյական որակներով, մասնագիտական ունակություններով ու անձնվիրությամբ նպաստում եք ոստիկանի դերի բարձրացմանը, հասարակության շրջանում առողջ մթնոլորտի պահպանմանը: Ոստիկանության ողջ համակարգը՝ նրանց շարքերում Լոռու մարզային կառույցը, պատվով են իրականացնում իրենց այդ առաքելությունը:
Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,
ոլորտում տարեցտարի իրականացվող բարեփոխումներն ուղղված են համակարգի լիարժեք կայացմանը, ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդմանը, բնակչության անվտանգության ապահովմանը, հանցավորության դեմ պայքարին:
Հանուն այդ նպատակի մեր երկրի պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել են հարյուրավոր ոստիկաններ:
Հավերժ փա՛ռք ու խորին խոնարհում նրանց պայծառ հիշատակին:
Ջերմորեն շնորհավորում եմ սիրելի վետերաններին և ցանկանում առողջություն ու երկար տարիներ: Ձեր ներդրումն անուրանալի է համակարգի կայացման գործում:
Շնորհավորում եմ նաև ձեր ընտանիքի անդամներին, որոնց սերն ու սպասումը ուժ է տալիս լիարժեք կատարելու ծառայությունը: Նրանք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են:
Սիրելի՛ ոստիկաններ,
կրկին շնորհավորելով ձեզ մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ արժանապատիվ և անփորձանք ծառայություն:
Պատի՛վ ունեմ: