Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
05.04.2024
Սիրելի՛ կանայք, մայրե՛ր, քույրե՛ր և դուստրե՛ր,
Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման խորհրդով ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Հայ կնոջ նվիրվածությունն օջախին, նրա դերը սերունդների հայրենանվեր դաստիարակության գործում, նրա ավանդը ազգային արժեհամակարգի պահպանման ու կատարելագործման հարցում արժանի է միայն մեծարման ու խոնարհումի:
Կնոջն ի վերուստ տրված ամենավեհ առաքելությունը մայրությունն է: Թանկագին մայրեր, անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում: Ուստի, այս տոնական օրվա շնորհավորանքներին պետք է գումարենք նաև մեր անսահման երախտագիտությունը հայ մայրերի հանդեպ:
Անհերքելի է, որ այսօր էլ մեր խաղաղության և անվտանգության երաշխավոր հայ զինվորին օրորոցից մինչև սահման ուղեկցում են մայրական խորհուրդն ու օրհնանքը, հայրենքի սահմանն անառիկ պահելու սուրբ պատգամը և նրանց անսպառ սերն ու հոգատարությունը: Յուրաքանչյուր դժվարին իրավիճակում հայ կինը, մայրը իր անկոտրում ոգով ու լավատեսությամբ, ապագայի հանդեպ հույս ու հավատով մշտապես թև ու թիկունք է եղել մեր երկրի պաշտպաներին՝ հարկ եղած դեպքում կանգնելով նրանց կողքին: Խորին խոնարհումս հերոսածին մայրերին:
Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ամուր առողջություն և ընտանեկան հարատև երջանկություն: