Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2024
Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ՝ թատրոնի մշակներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Տարվա յուրաքանչյուր օր դուք եք տոն ստեղծում ձեր հանդիսատեսի համար՝ բեմից պարգևելով անսպառ հույզեր ու ապրումներ, և այսօր ձեր հավատարիմ հանդիսատեսը գեղեցիկ առիթ ունի շնորհավորելու ձեզ ու ասելու, շնորհակալությու՛ն:
Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հանդիսատեսն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրում է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործչի հանդեպ:
Ավելի քան երկհազարամյա պատմություն ունեցող հայ թատրոնը անգնահատելի ներդրում է ունեցել մեր պետության հոգևոր-մշակութային և հասարակական կյանքում: Թատրոնի նվիրյալների կերտած ճշմարիտ կերպարները հավերժորեն ապրում են սերունդների հիշողության մեջ, դաստիարակում նրանց գեղեցիկի ու արդարի նվիրական գաղափարներով:
Ներկայում ևս հայ թատրոնը ստեղծում է բազմաժանր նախագծեր և բեմ բարձրացնում հետաքրքիր մտահղացումներ՝ ներգրավելով տարբեր նախասիրությունների ու տարիքային խմբերի հանդիսատեսի, ինչը ևս շատ ողջունելի է:
Լոռու մարզը նույնպես մշտապես առանձնացել է թատերական գործիչների իր աստղաբույլով ու թատերասեր հասարակությամբ: Մեր մարզի պետական և համայնքային թատրոններն իրենց մեծագույն ներդրումն ունեն հանրապետության թատերարվեստի, մշակութային կյանքի զարգացման գործում: Այդ մասին են վկայում նաև միջազգային ասպարեզում ունեցած բազմաթիվ ձեռքբերումները, այն հեղինակավոր անունները, որոնք հնչել ու հնչում են աշխարհի տարբեր բեմերում: Մեր թատրոններում նաև սահուն սերնդափոխություն է տեղի ունենում, և ավագ սերնդի կողքին հնչում են ոչ պակաս տաղանդավոր երիտասարդների անուններ, ինչը մեզ ոգևորության և հպարտության առիթներ է տալիս:
Այս օրը սակայն ոչ միայն թատերագրինը, բեմադրիչինն ու դերասանինն է, այլև թատրոնի բոլոր աշխատակիցներինը, նրանց, ում հանդիսատեսը չի տեսնում բեմում: Սրտանց շնորհավորում եմ նաև ձեզ:
Թատրոնի միջազգային օրվա առթիվ բոլորիդ մաղթում եմ անձնական երջանկություն, ստեղծագործական վերելքներ, լեփ-լեցուն դահլիճներ ու չդադարող ծափողջույններ: