Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

29.12.2023

Սիրելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ,
շուտով հրաժեշտ կտանք նաև 2023թ-ին և կթևակոխենք 2024 թվական՝ մեծ հույսերով ու սպասումներով, բազում նպատակներով ու ծրագրերով՝ այն վստահությամբ, որ նոր տարին կլինի հաջողությունների, ձեռքբերումների, կիսատ գործերն ավարտին հասցնելու ու բարեբեր տարի:
Տարեմուտի շեմին մեզնից յուրաքանչյուրն անպայման մտովի կամփոփի անցնող տարին ու կփորձի հասկանալ՝ ի՞նչ տվեց այն իրեն ու վստահաբար ինքն իրեն կխոստանա ավելի լավը լինել, ավելի շատ ձեռքբերումներ ունենալ ու անպայման իրականություն դարձնել բոլոր բարի նպատակները:
Եվ ուրեմն՝ հրաշքներով լի այս Ամանորին թող այդպե՛ս լինի:
Մենք ևս ամփոփում ենք տարվա ձեռքբերումները, վերլուծում թերացումները, անդրադառնում այն բոլոր խնդիրներին, որոնք ունեցանք, նախանշում հաջորդ տարվա ծրագրերն ու անելիքները:
Հայ ժողովրդի համար այս տարին ևս դյուրին չէր: Լեռնային Ղարաբաղի մեր՝ ավելի քան 100 հազար հայրենակից բռնի տեղահանության ենթարկվեց և ապաստան գտավ մայր Հայաստանում: Մեր բոլոր մարզերն ու համայնքներն իրենց տաքուկ ու հոգատար գիրկն առան նրանց, փորձեցին մեղմել կորստի վիշտը, պետական աջակցության ծրագրերով և բարերարների աջակցությամբ ապահովել՝ ինչով հնարավոր է: Լոռու մարզի համայնքներում այսօր բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 6000 քաղաքացի, և մենք ջանք չենք խնայում, որպեսզի նրանք լիարժեքորեն կարողանան ինտեգրվել նոր միջավայրին: Մի հարցում պետք է իսկապես վստահ լինենք. բոլոր խնդիրները հաղթահարելի են, եթե կա միասնականություն ու վճռականություն: Հայ ժողովրդի կամքն անկոտրում է, իսկ պարտությունները, ինչպես և հաղթանակները, հավերժ չեն:
Անցանկալի իրադարձությունները մենք կթողնենք անցյալում՝ հաջորդ տարին ավելի մեծ հույսերով ու սպասումներով, լավագույն ապագայի հանդեպ ավելի մեծ հավատով ու վստահությամբ սկսելու վճռականությամբ:
Սիրելի՛ լոռեցիներ, հայրենակիցներ,
տարին, ինչ խոսք, լի էր մարտահրավերներով, սակայն ՀՀ կառավարությունը, մարզպետի աշխատակազմը, համայնքապետարաններն արեցին ու շարունակում են անել առավելագույնը խնդիրների մեղմման, ստեղծված պայմաններում ներդրումային ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և ժողովրդի բարեկեցությունը ապահովելու ուղղությամբ:
2023թ. ևս Լոռու մարզի համար առանձնացել է սուբվենցիոն և կապիտալ ներդրումային ծրագրերի մեծ ծավալներով: Սա նպաստել է ոչ միայն ենթակառուցվածքների բարելավմանը, այլև աշխատատեղերի ստեղծմանը, ինչը շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար:
Լուրջ հաջողություներ ենք գրանցել նաև կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում:
Մենք գիտակցում ենք, որ գալիք տարում ևս մեր անելիքները շատ են, քանզի ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս:
Նոր տարում ևս, հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը քաղաքաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, զբոսաշրջության զարգացման ուղիներով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամանորի առթիվ ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով շնորհավորենք մեր խաղաղության պաշտպաններին` Հայոց բանակում ծառայող, պաշտպանական դիրքերում և զորամասերում, մարտական հենակետերում Ամանորը դիմավորող մեր զինվորներին և հրամանատարներին, սահմանապահներին, հասարակական կարգուկանոնի, առաջին իսկ ահազանգի դեպքում մարդկանց օգնության հասնելու դիրքերում կանգնած ծառայողներին ու բուժաշխատողներին, նաև բոլոր նրանց, ովքեր մասնագիտական պատասխանատվությունից և աշխատանքի բնույթից ելնելով՝ տարեմուտի գիշերն անցկացնելու են աշխատավայրում:
Հաջողություններ մաղթենք մեր մշակութային գործիչներին, կրթության մշակներին, մեր աշխատավորներին, բոլորին։
Ուզում եմ մեզնից յուրաքանչյուրն ավանդույթ դարձնի և յուրաքանչյուր տարեմուտի հոտնկայս հարգի մեր հերոս տղաների հիշատակն, ովքեր իրենց մատաղ կյանքը տվեցին հանուն այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության լինելիության, որին մենք այնքան ջերմությամբ Հայրենիք ենք կոչում:
Փա՛ռք ձեզ քաջեր, ձեր անունները ոսկե տառերով են գրված հայոց պատմության էջերում: Խոնարհում ձեր սուրբ շիրիմներին:
Շնորհավորենք նաև հեռվում գտնվող բոլոր լոռեցիներին, ցանկանանք նրանց շուտափույթ վերադարձ հայրենի օջախներ:
Սիրելի՛ լոռեցիներ, այս տարի ևս ամենագլխավոր բարեմաղթանքս խաղաղությունն է: Առանց խաղաղության չի կարող լինել զարգացում ու բարեկեցություն: Միայն ու միայն խաղաղություն և հայ բազկի ու մտքի ուժը պատրաստ է կրկին քարից հաց քամելու ու շենացնելու հող հայրենին:
Հրաշքների սպասումով է լի այս օրը և մեր բոլորի հոգիներում հույսն ու հավատն է վերածնվում, որ գալիք տարին ավելի լա՛վն է լինելու մեր երկրի ու մարզի համար:
Թող այս Ամանորը սեր ու բարություն բերի:
Թող 2024 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, ծնունդների, երազանքների իրականացման և առանց կորուստների տարի:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13