Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ

07.12.2023

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 35-րդ տարելիցը։ 35 տարի առաջ բնական աղետին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստներ կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը:
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ նախորդ տարի՝ մեծ ջանքերի արդյունքում, ավարտին հասցվեց «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը» ու, թեև մարզում դեռևս կան տնակներում բնակվող ընտանիքներ, նաև ընտանիքներ, որոնք ծրագրի շահառու լինելու իրավունքը վերականգնել են դատական կարգով, սակայն նրանց խնդրի լուծումը ևս կառավարության առաջնահերթ ծրագրերից է:
Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան: Ցավոք կորստի վիշտն անամոքելի է անգամ այսքան տարիներ անց, սակայն կյանքը շարունակվում է:
Այսօր մեր շնորհակալության անկեղծ ու ջերմ խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին, օգնում և սատարում էին ֆիզիկապես և հոգեպես: Մենք հիշում ենք բոլորին, մենք երախտապարտ ենք նրանց անշահախնդիր մարդասիրության ու դժվար պահին մեզ ձեռք մեկնելու համար:
Սիրելի՛ լոռեցիներ,
ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38