Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է
01.12.2023

Հարգելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, այս օրվա նշանավորումն ու առանձնացումն օրացույցում նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրելու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա: Թեև հատկապես վերջին տասնամյակում լուրջ աշխատանքներ են տարվում առկա խնդիրների հաղթահարման և օրենսդրության բարելավման ուղղությամբ, սակայն պետք է խոստովանել, որ հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար ինտեգրման և նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելու առումով դեռևս բավական անելիքներ կան:
Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ՀՀ կառավարության, մարզպետարանների, համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների կողմից: Հատկապես ուզում եմ առանձնացնել ներառականության համակարգի ներդրումը դպրոցներում, օրենսդրական բազմաթիվ բարեփոխումները: Շատ կարևոր է ապահովել համընդհանուր հասանելիություն, ինչի շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան ավելի մեծ ներդրում ունենալ տարբեր ասպարեզներում:
Ուզում եմ ընդգծել «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողվի» գործունեությունը, որն առանձնանում է իր ակտիվությամբ: Հանձնաժովի կազմում ընդգրկված են ոչ միայն պետական, այլև հասարակական կառույցների ներկայացուցիչներ, և համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների արդյունավետ լուծմանը:
Լոռու մարզպետի աշխատակազմը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում և աջակցում ցանկացած նախաձեռնություն այս ուղղությամբ:
Մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքներին երջանկություն, բարեկեցություն:
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ