Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ
03.11.2023
Սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, սիրելի՛ բարեկամներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:
Այսօր՝ առավել քան երբևէ, անուրանալի է ձեր դերը դժվարին իրավիճակներում հայտնված քաղաքացիների հետ աշխատանքում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ ձեր ամենօրյա տքնաջան ու անձնվեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի: Թույլ տվեք այսօր, ձեր մասնագիտական տոնի առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ՝ ի լուր բոլորի, հայտարարել որ, լինելով ամենաբարդ մասնագիտություններից մեկի կրողը, պատվով եք իրականացնում ձեր առջև դրված պարտավորությունները և որպես մարդ, ով տեսնում է այդ ամենը և որպես մարզի ղեկավար, պարզապես ասել՝ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը և կայացումը հենց նպատակ ունի ամրապնդելու պետության հոգածությունը յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ, իսկ այս ինստիտուտը, մեր երկրում ու առավելապես՝ մեր մարզում, կայացած կարելի է համարել:
Սոցիալական ոլորտի սիրելի՛ աշխատակիցներ,
ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքն ուղղված է բնակչության խոցելի խմբերի և նրանց առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը, մարդկանց ցավերին ապրումակցելուն և հոգսերը փարատելուն։ Այս ամենը պահանջում է անմնացորդ նվիրում, սրտացավություն և բարձր պատասխանատվություն։
Դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների համար դուք յուրովի հույսի փարոս եք դառնում՝ վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:
Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություններ կյանքում, ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում: