Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2023
Սիրելի՛ ուսուցիչներ, հարգարժա՛ն մանկավարժներ,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Ձեր հսկայական ներդրումը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում, դժվար է գերագնահատել: Դուք եք կերտում ապագա գիտնականներին, արվեստագետներին, ճարտարապետներին, շինարարներին, տարաբնույթ այլ մասնագիտություններ կրող անհատներին ու վերջապես՝ հայրենասեր, մարդասեր, իրավագիտակից քաղաքացուն, ինչն ամենակարևորն է:
Ամենաջերմ բարեմաղթանքներս, երախտագիտության խոսքերս ձեզ եմ ուղղում, սիրելի՛ ուսուցիչներ: Հայրենասիրությամբ, ազգային արժեքների գիտակցմամբ կրթված ու դաստիարակված ձեր սաներն, ովքեր այսօր Հայոց բանակի զինվորներ են, սպաներ, սեփական կյանքը վտանգելով, կռիվ են տալիս Հայաստանի Հանրապետության սահմաններն անձեռնմխելի պահելու, իրենց մայրերի, քույրերի, զավակների անդորրը պահպանելու համար:
Սիրելի՛ ուսուցիչներ, մենք բոլորս գլուխ ենք խոնարհում ձեր նվիրումի ու վաստակի առջև: Կասկածից վեր է, որ մանկավարժ լինելը առանձնահատուկ նվիրում է պահանջում, մանկավարժ լինելը կոչում է և բնավ ոչ՝ սոսկ մասնագիտություն, աշխատանք:
Յուրաքանչյուր մարդու համար անփոխարինելի են ուսուցիչների մասին հիշողությունները, որոնք ջերմացնում են մեր հոգիները և առաջնորդում դեպի հասուն ու պատասխանատու կյանք, նրանց խորհուդները փարոս են դառնում և առաջնորդում կյանք կոչվող ճանապարհին:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր՝ անչափ կարևոր և պատասխանատու գործում: