Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
01.09.2023

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր, մանկավարժնե՛ր, կրթության բնագավառի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:
Այսօր շատ նշանակալի օր է մեզ համար, քանզի սեպտեմբերի 1-ն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը, ինչը մեզ՝ բոլորիս, նոր ձեռքբերումների վստահություն է տալիս:
Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր նոր պետք է ոտք դնեն գիտելիքի զարմանահրաշ մի աշխարհ, որը Դպրոց է կոչվում: Հորդորս մեկն է՝ լա՛վ սովորեք և այդ գիտելիքը ծառայեցրեք ձեզ, ձեր ընտանիքին ու մեր երկրին: Նաև շատ կարևոր է լավ մարդ ու քաղաքացի լինելը, ինչը ևս ձեզ անպայման կսովորեցնեն ձեր ուսուցիչները:
Բարի ուսումնառության սկիզբ եմ մաղթում նաև միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ոտք դնող ուսանողներին. հորդոր-մաղթանքս կրկին նույնն է՝ լա՛վ սովորեք, քանզի մոտ ապագայում դուք եք ստանձնելու պատասխանատվությունը մեր երկրի համար, իսկ դա չափազանց պարտավորեցնող է: Ձգտե՛ք լավագույնը լինել այն մասնագիտության մեջ, որն ընտրել եք:
Շնորհավորում եմ նաև կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց կարևոր առաքելությունը: Ցանկանում եմ ձեզ աշխատանքային նոր լիցքեր ու եռանդ:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորին՝ մաղթում եմ առողջություն, հաջողություններ ուսումնական գործընթացում և կյանքում: