Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
11.08.2023
Սիրելի երիտասարդնե՛ր
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ:
Դուք եք մեր ապագայի հույսն ու երազանքներն իրականացնողը:
Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր երկիրն այսօր ունի այնպիսի երիտասարդություն, որն իր անսպառ եռանդով ու ավյունով կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում: Մեր երկրի, այդ թվում՝ Լոռու մարզի երիտասարդները փայլում են բոլոր ասպարեզներում՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և այլն՝ մեզ տալով հավատ ու վստահություն առ այն, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է: Ներկայի որակյալ և կիրթ երիտասարդությունը կայուն և պայծառ ապագայի առհավատչյան է:
Սիրելի՛ երիտասարդներ,
գաղտնիք չէ, որ մարդու կյանքի լավագույն տարիները երիտասարդության տարիներն են, որոնք երազանքների, մտքի թռիչքի, նպատակասլացության, նաև խելահեղության, նոր գաղափարների ու գործերի ստեղծման, միաժամանակ նաև փորձությունների միջով անցնելու տարիներ են: Յուրաքանչյուր ոք իր կյանքի հետագա ճանապարհի ընտրությունն է կատարում երիտասարդ տարիքում: Եվ շատ կարևոր է, որ այդ ընտրությունը լինի գիտակցված և հոգեհարազատ, որպեսզի ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեն նաև երկրին, նրա զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը:
Եղե՛ք ստեղծագործող, եղե՛ք նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների ու ձեռքբերումների հիմնական երաշխավորը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ և բոլոր նպատակների իրականացում:
Վստա՛հ եղեք, որ Լոռու մարզպետի աշխատակազմը միշտ ձեր կողքին է և պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնություններին: