Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
28.04.2023
Սիրելի՛ լոռեցիներ,
ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Աշխատանքի գաղափարն ի սկզբանե շատ վեհ է, այն ստեղծելու, արարելու, կառուցելու, շրջապատն ավելի լավը դարձնելու իմաստ է արտահայտում:
Այն ընկած է հայ ժողովրդի կենսակերպի հիմքում: Մեր ազգն իր հազարամյակների պատմության մեջ իր աշխատանքով ու ստեղծարարությամբ կառուցել ու շարունակելու է կերտել իր երազած Հայրենիքը:
Խորին հարգանքի են արժանի բոլոր մասնագիտությունները, սակայն շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ասպարեզում մարդը կարողանա իրեն դրսևորել առավելագույն արհեստավարժությամբ՝ գոհ լինելով իր ստեղծած արժեքներից, շրջապատն ավելի լավը դարձնելու նպատակից:
Հարգանքի ու երախտագիտության են արժանի բոլոր նրանք, ովքեր իրենց գիտելիքներով, հմտություններով, տաղանդով կարողանում են ստեղծել ու արարել՝ այս աշխարհը, իրենց Հայրենիքը, տունը:
Իսկ աշխատանքն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ առկա է կրթություն, իմացությունների, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացում:
Լոռին ևս առանձնանում է աշխատող, քարից հաց քամող, ստեղծող ու արարող մարդկանցով: Շրջելով Լոռվա աշխարհում՝ ամեն քայլափոխի կարելի է հիանալ մարդու ձեռքով ստեղծված վանքերով ու եկեղեցիներով, ճանապարհներով ու կամուրջներով, գործարաններով ու բնակելի շենքերով, գյուղատնտեսությամբ, այլևայլ զարգացող բնագավառներով, և այս ամենը ևս տքնաջան աշխատանքի արդյունք է: Ես՝ որպես մարզի ղեկավար, գլուխ եմ խոնարհում բոլոր արարող ու բարիք ստեղծող մարդկանց առջև:
Փա՛ռք աշխատանքին ու երկիրը զորացնող, շենացնող աշխատավորին:
Շնորհավո՛ր Աշխատանքի օր: