Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.04.2023
Այսօր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սրբադասված նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու օրն է: Մենք՝ համայն հայությունը, գլուխ ենք խոնարհում մեկ միլիոն ու կես անմեղ զոհերի հիշատակին: Խաղաղություն նրանց շիրիմներին:
20-րդ դարասկզբին քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքի յաթաղանին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն ու կես անմեղ հոգի: Մենք հիշում ենք նաև նրանց, ովքեր, հաղթահարելով անմարդկային տառապանքները, վերապրելով Մեծ եղեռնը, վերահաստատվեցին մայր Հայաստանում կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ վառ պահելով հայի ինքնությունը:
Ավա՜ղ, հայրենիքի մի հատվածի կորուստը, մարած կյանքերը հանգեցրին նաև այլ կորուստների. մենք կորցրեցինք մեր՝ դարերով կերտված հոգևոր, նյութական ու մշակութային արժեքները:
Ապրիլի 24-ը մեզ համար նաև սթափության օր է: Որպեսզի այլևս երբեք չկրկնվեն նման ոճրագործությունները, անհրաժեշտ է, որ ողջ աշխարհը դատապարտի ու այլևս երբեք չհանդուրժի նման երևույթներ:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել ցեղասպանության փաստն ընդունած և դատապարտած բոլոր պետություններին, միջազգային կառույցներին, միջազգային հանրությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ
այսօր, գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև, միևնույն ժամանակ վկայում ենք, որ մենք պարտավոր ենք համախմբվել, միասին առաջ շարժվել՝ զարգացնելու և հզորացնելու մեր Հայրենիքը: