Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
27.03.2023
Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատրոնի բոլոր նվիրյալներին, մշակների ու գործիչներին՝ տնօրինությունից, բեմադրող-ռեժիսորներից, մեր սիրելի արտիստներից մինչև հանդերձապահ, հսկիչ ու դերձակ, լուսային ու ձայնային օպերատորներից մինչև տոմսավաճառ ու հուշարար՝ բոլոր-բոլորին ու նաև նրանց, ովքեր սիրում ու գնահատում են թատերարվեստը, այն է՝ ձեզ շատ սիրող հանդիսատեսի։
Այսօր բոլորիս երախտիքի խոսքերը միմիայն ձեզ են ուղղված: Մենք՝ ձեզ նվիրված հանդիսատեսը, անսահման արժևորում ենք Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները:
Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչների հանդեպ:
Հայոց բազմադարյա պատմություն ունեցող թատերարվեստն այսօր արժանի հետևորդներ ունի և նրանց թվում քիչ չեն նաև լոռեցի գործիչները: Լոռեցի տաղանդավոր թատերագետների, թատերագիրների, բեմադրիչների և դերասանների շնորհիվ է նաև, որ մեր մարզում ունենք կայացած, գրեթե մեկդարյա ստեղծագործական ուղի անցած թատրոններ, որոնցով հպարտանում ենք:
Վստահաբար կարելի է ասել, որ թատրոնը մարդկության երազների, վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների համադրման դարբնոց է։
Կրկին ու կրկին Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ, լեփ-լեցուն դահլիճներ, սիրող ու գնահատող հանդիսատես։