Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

29.12.2022

Սիրելի՛ լոռեցիներ, թանկագի՛ն բարեկամներ
ժամեր անց հրաժեշտ կտանք նաև 2022թ-ին և մտովի կվերհիշենք այն բոլոր իրադարձություններն ու անցուդարձերը, որոնք կթողնենք այս տարում՝ հաջորդ տարին ավելի մեծ հույսերով ու սպասումներով, լավագույն ապագայի հանդեպ ավելի մեծ հավատով ու վստահությամբ սկսելու վճռականությամբ:
Մենք ամփոփում ենք տարվա ձեռքբերումները, վերլուծում թերացումները, անդրադառնում այն բոլոր խնդիրներին, որոնք ունեցանք, նախանշում հաջորդ տարվա ծրագրերն ու անելիքները:
Հայ ժողովրդի համար այս տարին ևս դյուրին չէր. արյունարբու թշնամին դարձյալ ոտնձգություններ իրականացրեց մեր Հայրենիքի սահմանների նկատմամբ, և մեր քաջ հայորդիներն իրենց կյանքի գնով պաշտպանեցին այս Սրբազան հողը: Հավերժ փա՛ռք ձեզ, հերոսնե՛ր: Հանուն Հայրենիքի ընկած մեր բոլոր տղաների հիշատակը միշտ վառ է մեր սրտերում: Հայ ժողովրդի կամքն անկոտրում է, բազուկն՝ անհաղթ, իսկ պարտությունները, ինչպես և հաղթանակները, հավերժ չեն...Եվ ինչպես Մեծն պոետն է ասել.
Բայց մենք կանգուն ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ...
Սիրելի՛ լոռեցիներ,
տարին լի էր մարտահրավերներով, սակայն ՀՀ կառավարությունը, մարզպետարանը, համայնքապետարանները արեցին ու շարունակում են անել առավելագույնը խնդիրների մեղմման, ստեղծված պայմաններում ներդրումային ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և ժողովրդի բարեկեցությունը ապահովելու ուղղությամբ:

Տարին Լոռու մարզի համար առանձնացել է սուբվենցիոն և կապիտալ ներդրումային ծրագրերի աննախադեպ ծավալներով: Սա նպաստել է ոչ միայն ենթակառուցվածքների բարելավմանը, այլև աշխատատեղերի ստեղծմանը, ինչը շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար:
Մենք գիտակցում ենք, որ գալիք տարում ևս մեր անելիքները շատ են, քանզի ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս:
Նոր տարում ևս, հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, զբոսաշրջության զարգացման ուղիներով:

Սիրելի՛ լոռեցիներ, Ամանորի առթիվ ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով շնորհավորենք մեր խաղաղության պաշտպաններին` Հայոց բանակում ծառայող, պաշտպանական դիրքերում և զորամասերում, մարտական հենակետերում Ամանորը դիմավորող մեր զինվորներին և հրամանատարներին, հասարակական կարգուկանոնի, առաջին իսկ ահազանգի դեպքում մարդկանց օգնության հասնելու դիրքերում կանգնած ծառայողներին ու բուժաշխատողներին։
Հաջողություններ մաղթենք մեր մշակութային գործիչներին, կրթության մշակներին, մեր աշխատավորներին, բոլորին՝ մեծերին և մանուկներին։ Շնորհավորենք նաև հեռվում գտնվող բոլոր լոռեցիներին, ցանկանանք նրանց շուտափույթ վերադարձ հայրենի օջախներ: Իսկ ամենագլխավոր բարեմաղթանքն այս տարվա համար ևս խաղաղությունն է, որը շատ-շատ է անհրաժեշտ աշխարհին, մեր երկրին ու մեր երկրում ապրող ցանկացած քաղաքացու:

Տարեմուտի շեմին մեր բոլորի հոգիներում հույսն ու հավատն է վերածնվում, որ գալիք տարին ավելի լա՛վն է լինելու մեր երկրի ու մարզի համար:
Թող այս Ամանորը սեր ու բարություն բերի:
Թող 2023 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, ծնունդների, երազանքների իրականացման և անկորուստ տարի:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22