Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
20.12.2022
Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու և գնահատելու մեր երկրի անվտանգության մարմինների աշխատանքն ու գործունեությունը՝ ուղղված մեր Հայրենիքի անվտանգության ապահովմանն ու ամրապնդմանը:
Մենք բարձր ենք գնահատում ձեր դերն ու առաքելությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն գործում: Ձեր գործունեությունը հաճախ անտեսանելի է քաղաքացիների համար, ավելին, ձեր աշխատանքի արդյունքների մասին հանրությունը հաճախ իրազեկվում է տարիներ անց, սակայն այն չափազանց կարևոր ու նշանակալի է բոլոր բնագավառների բնականոն գործունեության համար և էական ազդեցություն է թողնում պետության անվտանգության և զարգացման հետագա ընթացքի վրա:
Բարձր գնահատանքի են արժանի բոլոր այն ծառայողներն, ովքեր անձնվիրաբար, Հայրենիքին մեծ նվիրումով են իրականացնում իրենց առջև դրված բարդ խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին, մեր երկրի առջև ծառացող տարաբնույթ մարտահրավերներին: Առիթից օգտվելով՝ երախտագիտության խոսքեր եմ ուզում հղել, իրենց կյանքը վտանգելով, մեր երկրի պետականությանն ու հասարակության անվտանգությանը սպառնացող բոլոր վտանգները վնասազերծելու գործն իրականացնող աշխատակիցներին:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն և աշխատանքային հետագա հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: