Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
25.03.2022
Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ,
այսօր՝ Թատրոնի միջազգային օրը, թույլ տվեք ջերմ բարեմաղթանքներ հղել ձեզ։ Այս օրը տոն է ոչ միայն ձեր՝ թատրոնի մշակների ու գործիչների համար, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում ու գնահատում են թատերարվեստը, այն է՝ ձեզ շատ սիրող հանդիսատեսի։
Մենք այսօր կրկին ու կրկին առիթ ունենք արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները:
Թատրոնը մարդկության երազների, վեհ գաղափարների կերտման, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքների համադրման դարբնոց է։
Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև թատրոնում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործիչների հանդեպ:
Հայոց բազմադարյա պատմություն ունեցող թատերարվեստն այսօր արժանի հետևորդներ ունի և նրանց թվում քիչ չեն նաև լոռեցի գործիչները: Լոռեցի տաղանդավոր թատերագետների, թատերագիրների, բեմադրիչների և դերասանների շնորհիվ է նաև, որ մեր մարզում ունենք կայացած, գրեթե մեկդարյա ստեղծագործական ուղի անցած թատրոններ, որոնցով հպարտանում ենք:
Հարգելի՛ գործընկերներ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ թատերական բոլոր գործիչներին և թատրոնի նվիրյալներին, մաղթում ստեղծագործական նորանոր նվաճումներ, լեփ-լեցուն դահլիճներ, սիրող ու գնահատող հանդիսատես։