Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

30.12.2021

 

Սիրելի՛ լոռեցիներ
Թանկագի՛ն բարեկամներ
Ահա և պատմության գիրկն է անցնում 2021 թվականը ևս՝ հնարավորություն տալով մեզ ամփոփելու տարվա ձեռքբերումները, վերլուծելու թերացումները, խոսելու խնդիրների մասին և նախանշելու հաջորդ տարվա ծրագրերն ու անելիքները:
Տարին, ինչ խոսք, լի էր դժվարություններով. հետպատերազմյան ժամանակաշրջան և շարունակական պայքար համավարակի դեմ: Երևույթներ, որոնք լուրջ մարտահրավերներ էին մեր երկրի տնտեսության, սոցիալ-հոգեբանական իրավիճակի վրա: Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունն արեց ու շարունակում է անել առավելագույնը խնդիրների մեղմման, ստեղծված պայմաններում ներդրումային ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և ժողովրդի բարեկեցությունը ապահովելու ուղղությամբ:
Երկրի ու մարզային իշխանության համար ամենակարևոր խնդիրներից մեկը հանուն հայրենիքի նահատակված մեր հերոս տղաների ընտանիքների հոգսերը, հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու առաքելության իրականացումն է: Հավերժ պա՛րտք ենք, գլուխ ենք խոնարհում բոլորի առջև և վստահեցնում, որ մեր քաջերի հիշատակը միշտ վառ ենք պահելու սերունդների մեջ:
Սիրելի՛ լոռեցիներ, ամփոփելով 2021թ.-ը՝ ուզում եմ նշել, որ տարին Լոռու մարզի համար առանձնացել է սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալներով: Սա նպաստել է ոչ միայն մարզի համայնքների բարեկեցության ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, այլև աշխատատեղերի ստեղծմանը, ինչը շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար:
Մենք գիտակցում ենք, որ գալիք տարում ևս մեր անելիքները շատ են, քանզի ամեն նոր տարի նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ է տալիս:
Նոր տարում ևս, հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության ու մշակույթի, կրթության և տեղեկատվական ոլորտների, զբոսաշրջության զարգացման ուղիներով:
Սիրելի՛ լոռեցիներ, Ամանորի առթիվ ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով շնորհավորենք մեր խաղաղության պաշտպաններին` Հայոց բանակում ծառայող, պաշտպանական դիրքերում և զորամասերում, մարտական հենակետերում Ամանորը դիմավորող մեր զինվորներին և հրամանատարներին, հասարակական կարգուկանոնի, առաջին իսկ ահազանգի դեպքում մարդկանց օգնության հասնելու դիրքերում կանգնած ծառայողներին ու բուժաշխատողներին։ Հաջողություններ մաղթենք մեր մշակութային գործիչներին, կրթության մշակներին, մեր աշխատավորներին, բոլորին՝ մեծերին և մանուկներին։ Շնորհավորենք նաև հեռվում գտնվող բոլոր լոռեցիներին, ցանկանանք նրանց շուտափույթ վերադարձ հայրենի օջախներ: Իսկ ամենագլխավոր բարեմաղթանքը այս տարվա համար ևս խաղաղությունն է, որը շատ-շատ է անհրաժեշտ մեր երկրին ու մեր երկրում ապրող ցանկացած քաղաքացու:
Տարեմուտի շեմին մեր բոլորի հոգիներում հույսն ու հավատն է վերածնվում, որ գալիք տարին ավել լա՛վն է լինելու մեր երկրի ու մարզի համար:
Թող այս Ամանորը սիրո, բարության ու սպասելիքների մի նոր ակունք դառնա, բոլոր ընտանիքներում իշխող լինի ջերմությունը, համախմբվածությունն ու համերաշխությունը:
Թող 2022 թվականը լինի խաղաղ աշխատանքի, բարեկեցության, ծնունդների, երազանքների իրականացման և անկորուստ տարի:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36