Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ

07.12.2021

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 33-րդ տարելիցը։ 33 տարի առաջ ցնցվեց մեր հողը, ցնցվեց ողջ հայությունը։ Աղետին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հողին հավասարվեց մեր երկրի մեկ երրորդը։
Լոռու մարզի շատ բնակավայրեր ցավալի կորուստներ կրեցին, կորցրեցինք բնակելի ֆոնդի, արտադրական ձեռնարկությունների, կրթամշակութային կառույցների մեծ մասը: Ցավոք, այսքան տարիներ անց դեռ շրջանառում ենք աղետի գոտի եզրույթը: Իսկ թե ինչու, բոլորս քաջ գիտենք:
Սիրելի՛ լոռեցիներ, վերջին երեք տարիներին աննխադեպ աշխատանք է իրականացվել այս խնդրի վերջնական լուծման ուղղությամբ և ընդամենը ամիսներ անց ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի ջանքերով ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրը վերջնական լուծում կստանա:Վստա՛հ եղեք:
Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան: Ցավոք կորստի վիշտը անամոքելի է անգամ այսքան տարիներ անց, սակայն կյանքը շարունակվում է:
1988-ի դեկտեմբերի 7-ին պատկերը մեղմ ասած հուսահատական էր, բայց մենք չհուսահատվեցինք։ Չհուսահատվեցինք, որովհետև մեզ օգնության շտապեցին աշխարհի գրեթե բոլոր ծայրերից՝ աղետի գոտին վերածելով համամարդկային գթասրտության գոտու։ Այսօր մեր շնորհակալության անկեղծ ու ջերմ խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին մեր ողբերգության առաջին օրերից, ովքեր, վտանգելով ու զոհելով իրենց կյանքը, օգնում ու փրկում էին մեր հայրենակիցներին, ովքեր տարիներ շարունակ օժանդակում էին մեր երկրին՝ հաղթահարելու պատուհասած արհավիրքի հետևանքները: Մենք հիշում ենք բոլորին, մենք երախտապարտ ենք նրանց սխրանքի համար, անշահախնդիր մարդասիրության ու դժվար պահին մեզ ձեռք մեկնելու համար:
Սիրելի՛ լոռեցիներ
Ուզում եմ բոլորիս մաղթել, որ երբեք, այլևս երբեք նման արհավիրքներ չլինեն ու մեր ժողովուրդն ընթանա անխախտ զարգացման ու բարեկեցության ուղով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-10-03 14:28:36