Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ՏԻՄ 25-ամյակի կապակցությամբ
10.11.2021
Հարգելի գործընկերներ` Լոռու մարզի համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի առթիվ:
1996 թվականին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որով մեր նորանկախ երկրում դրվեցին ժողովրդավարության հիմքերը։ Այս առումով բարձր գնահատականի են արժանի ՏԻՄ այն ներկայացուցիչները, որոնք, օգտվելով ընձեռնված հնարավորությունից և վեր կանգնելով քաղաքական հայացքներից ու անձնական շահերից, համայնքի բնակչի առջև բարձր պատասխանատվության գիտակցումով՝ լծվել են հայրենիքի ու իրենց համայնքի շենացման գործին ու պարսավանքի՝ նրանք, ովքեր մանդատը ծառայեցրել են սեփական շահերի իրագործման համար: Համայնքների զարգացման, հզորացման, տնտեսապես կայունացման պատկերացումներն այն ուղենիշները պետք է լինեն, որով պետք է առաջնորդվեն ՏԻՄ ներկայացուցիչները՝ ՀՀ քաղաքացուց շնորհված մանդատը իրացնելիս։ Տեղական ինքնակառավարման մարմինների համար անցած տասնամյակները, ինչ խոսք, եղել են դժվարությունների հաղթահարման ժամանակահատված, թեև պետք է խոստովանել, որ համակարգի կայացման առումով դեռևս շատ անելիքներ կան: Հենց այդ համակարգը կայունացնելուն և զարգացնելուն են միտված իրականացվող բարեփոխումները, որոնց թվում ուզում եմ առանձնացնել համայնքների խոշորացման գործընթացը որակապես այլ փուլ տեղափոխելուն ուղղված աշխատանքները, ինչպես նաև այն մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը, որոնք տարեցտարի առավել մեծ թափ են ստանում:
ՏԻՄ հարգարժա՛ն գործընկերներ,
մեր պետության համար առաջնային նպատակ է ունենալ ընդլայնված հնարավորություններով ու միաժամանակ մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ դրա համար մեծ կարևորություն ունի նաև յուրաքանչյուր քաղաքացու ներգրավվածությունը համակարգի կայացման գործում, առավել բարեկեցիկ համայնքում ապրելու պահանջատիրությունը:
Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ ուղղում նաև տեղական ինքնակառավարման ոլորտում ներգրավված կանանց, կին համայնքապետերին և ավագանու անդամներին, ովքեր կանացի հոգատարությամբ մասնակից են դառնում համայնքների խնդիրների լուծմանը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում: