Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Գյուղատնտեսի օրվա առթիվ
14.10.2021
Գյուղատնտեսության ոլորտի հարգելի՛ աշխատողներ
Այսօր մեր հանրապետությունում նշվում է Գյուղատնտեսի օրը: Տոնը հիանալի առիթ է մեր երախտիքի խոսքն ուղղելու հայ գյուղացուն, գյուղատնտեսին, ամեն օր հողի հետ կռիվ տվող ու հողից հաց քամող հայ շինականին:
Ոչ ոք ավելի լավ չգիտի հող-հայրենիքի հրաշագործությունը, քան դուք: Նրա արգասաբերությունը ձեր տքնանքի արդյունքն է:
Գյուղատնտեսությունը մեր հանրապետության, այդ թվում և մեր մարզի զարգացման գերակա ուղղություններից է, և այս բնագավառում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, պետական աջակցությամբ իրականացվող մեկ տասնյակից ավելի ծրագրերն առաջընթացի դրական միտումներ են արձանագրում:
Մենք վստահ ենք, որ երկրի զարգացումն ու հասարակության բարեկեցությունը կարելի ապահովել ժամանակակից, նորարական գյուղատնտեսության միջոցով:
Ոլորտի արդիականացումը մեր պետության համար այսօր ամենակարևոր խնդիրներից է: Միմիայն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կարող ենք այս ոլորտում լուրջ արդյունքներ գրանցել:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողական քաղաքականություն է վարում գյուղատնտեսության ենթակառուցվածքները զարգացնելու, գյուղատնտեսական կայունությունն ապահովելու և ռիսկերի նվազեցումն ապահովելու ուղղությամբ:
Սիրելի՛ գյուղատնտեսներ, յուրաքանչյուրիդ փորձը, հմտությունը, տքնանքն ու դրանց արգասիքը մշտապես գտնվում են պետության ու հասարակության ուշադրության կենտրոնում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ անսպառ եռանդ, բարօրություն և բերքառատ տարիներ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի և համագործակցության ու շնորհիվ մեզ կհաջողվի արձանագրել գյուղատնտեսության ոլորտում նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: