Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ

17.09.2021

Այսօր իմ, քո` բոլորիս հայրենիքի անկախության 30-ամյակն է: Այս չափազանց թանկ ու նվիրական օրվա առթիվ շնորհավորում եմ հայ ժողովրդին, աշխարհի որ անկյունում էլ, որ ապրելիս լինի, շնորհավորում եմ ձեզ՝ սիրելի՛ լոռեցիներ: Բոլորիս հայրենիքը մեկն է՝ այս մի բուռ հողակտորը, առանց որի մենք զուրկ կլինենք ինքնությունից, չենք ունենա անցյալ ու առավել ևս՝ ապագա:
Այս մի բուռ հայրենիքը մեր սրտի և հոգու մեջ է, մեր մտքերում ու խոսքերում, հանուն որի, առանց երկմտելու, պատրաստ ենք զոհվելու:
Հարգելի՛ բարեկամներ
Այսօր, առավել քան երբևէ, մեր գերնպատակը պետք է լինի արարել, աշխատել անտրտունջ, զօրուգիշեր՝ հանուն մեր հայրենիքի զարգացման, հանուն նրա պայծառ ու լուսավոր ապագայի, հանուն մեր ապագա սերունդների, հանուն նրա, որ հայի ու Հայաստանի անունը դեռևս երկար դարեր ապրի ու պանծանա, հանուն նրա, որ մեր եռագույնը փողփողա առաջիկա հազարամյակների հեռվում ու շարունակի պանծացնել մեր էությունն ու մեր անկոտրում կամքը:
Սիրելի հայրենակիցնե՛ր, լոռեցինե՛ր
Բարդ ժամանակներ են մեզ բաժին հասել, բայց մի՞թե, հեշտ է եղել նախորդ սերունդներին հաղթահարել դարեր շարունակ մեր ազգին պատուհասած փորձությունները: Իհարկե՝ ոչ: Մեզ երբե՛ք, անգամ ամենաանելանելի իրավիճակներում ոչի՛նչ, ոչի՛նչ չի ընկճել, մենք կրկին հառնել ենք մոխիրներից ու վերածնվել:
Այս տոնական օրը պարտավոր ենք հիշել նաև այն բոլոր հերոսներին, ովքեր ընկան հանուն մեր այսօրվա անկախության ու ազատության: Հավերժ փա՛ռք նրանց: Թող այսուհետ և ընդմիշտ լուսաբացները մեր հայրենիքում խաղաղ բացվեն, ու մեր զինվորները սահմանից տուն դառնան ողջ և առողջ:
Այսօր պարտավոր ենք հիշել նաև մեր ազգի բոլոր նվիրյալ զավակներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ամենատարբեր բնագավառներում՝ այդկերպ հայի գենն ու ինքնությունը ճանաչելի դարձնելով ամբողջ աշխարհում: Հպա՛րտ ենք ձեզնով ու համոզված, որ այդպիսի անուններ աշխարհը ցնցելու են դեռ շատ երկար հազարամյակներ:
Այսօր, առավել քան երբևէ, մեզնից յուրաքանչյուրը հպարտորեն պետք է արտասանի. անկախ հայրենիքիս հետ պիտի քայլեմ դեպի ապագա, պիտի շենացնեմ իմ բակը, այգին, տունը՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ և ուրեմն միայն ու միայն առա՛ջ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ մեր անկախ ու ազատ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49